ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով հերթական որոշումն է ընդունել

21:03 • 21.04.12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Սիրիայում դիտորդական առաքելության անդամների թիվը 300 –ի հասցնելու մասին որոշումը:
 

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, որոշումն ընդունվել է միաձայն:

 

«Սիրիայում բռնության դադարեցման համար աշխատող դիտորդական առաքելության գործունեության համար նախնական 90 օրյա գործունեության ժամկետ է սահմանվել:

Առաքելությանը հանձնարարված է վերահսկել հրադադարի պահպանումը` երկու կողմերի կողմից, ինչպես նաև Անանի 6 կետանոց նախագծի իրագործմանն ուղղված քայլեր ձեռնարկել»,- ասված է որոշման մեջ:
 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դարձյալ կոչ է արել թե' սիրիական կառավարությանը, թե' ընդդիմությանը դադարեցնել բռնությունները և կյանքի կոչել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագիծը:
 

Սիրիայի կառավարությանը պահանջ է ներկայացվել կատարել Անանի ծրագրի այն դրույթը, որով պահանջվում է դադարեցնել ծանր տեխնիկայի օգտագործումը, ինչպես նաև մտահոգություն է հայտնվել վերջին օրերին երկրում շարունակվող բռնությունների, զոհերի և վիրավորների թվի աճի կապակցությամբ:
 

ՄԱԿ-ը պահանջել է դիտորդներին տեղաշարժվելու, ցանկացած հանդիպում կազմակերպելու ազատություն տալ և ապահովել նրանց անվտանգությունը:
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պահանջել է այս որոշման իրականացման մասին 15 օրվա ընթացքում զեկույց ներկայացնել: