ՄԱԿ-ի ԱԽ-ն համաձայնեցրել է Սիրիայի հարցով նոր բանաձևի տեքստը. քվեարկությունն այսօր է

10:39 • 21.04.12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայի խնդրով նոր բանաձևի տեքստը, որը նախատեսում է միջազգային դիտորդների թիվը երկրում 30-ից հասցնել 300-ի, հայտնում է Associated Press-ը:

 

Փաստաթղթի համաձայնեցված տեքստը, մշակվել է բանաձևի երկու տարբեր տարբերակների հիման վրա, որոնք նախօրեին առաջարկել էին Ռուսաստանն ու եվրոպական մի քանի երկիր: Սպասվում է, որ քվեարկությունը կկայանա այսօր: ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հույս է հայտնել, որ փաստաթուղթը կընդունվի միաձայն:

 

Փաստաթղթի համաձայն` 300 դիտորդները 90 օրվա ընթացքում պետք է հետևեն Սիրիայում հրադադարի պահպանմանը և կողմերի (նախագահ Բաշար ալ Ասադի բանակի ու ռեժիմի հակառակորդների)` խաղաղ կարգավորմանն ուղղված կետերի իրագործման ընթացքին, որոնք առաջարկել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը:

Ինչպես նշում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, փաստաթուղթը սիրիական իշխանություններին ուղղված պահանջ է ներառում, որով պետք է նրանք դիտորդների համար ապահովեն ազատ տեղաշարժ երկրում: