Մաշտոցի այգում բնապահպանները «վերջին հրաժեշտը» տվեցին Օլիկ Գարխյանին (տեսանյութեր)

14:11 • 22.04.12

Քիչ առաջ Մաշտոցի այգում սկսվեց Օլիկ Գարխյանի «հոգեհանգստի արարողությունը»: Տեղում հավաքված բնապահպանները իրենց վերջին հրաժեշտը տվեցին մահացած «Օլիգարխի» սիմվոլիկ կերպարին:
Հիշեցնենք, որ Մաշտոցի այգում տեղադրված կրպակների շուրջ ստեղծված բողոքի ակցիայի ժամանակ բնապահպանները տարբեր միջոցառումներ են իրականացնում, իսկ ձմռանը նրանք ձնեմարդ էին պատրաստել` դրա տակ մարմնավորելով «Հայ օլիգարխի» կերպարը:


«Հոգեհանգստի արարողությանը» բնապահպան ակտիվիստները եկել էին մեխակներով, և տարբեր պաստառներով, որոնց վրա գրված էին` «Բենթլիս ու Համերս անտեր մնացին», «Խորովածդ սառեց», «շենքերդ սարքող չի մնա», «Ինձ ինչի՞ թողեցիր վարկերի մեջ», «բարով գնաս համբալ» և այլն:

Բնապահպանները մեզ հետ զրույցում ասացին, որ սրանով ցանկանում են իրենց բողոքը արտահայտել օլիգարխիայի և ամենաթողության դեմ:

Նշենք նաև, որ «հոգեհանգստի և թաղման արարողությանը» ուղեկցում էր թե՛ տխուր և թե ուրախ երաժշտությամբ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետ ընտրվելու ժամանակ հայտարարեց, որ Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժվելու են և հանձնվելու են քաղաքացիներին: Աբովյան փողոցում կրպակները ապամոնտաժվեցին, սակայն դրանք տեղադրվեցին Մաշտոցի պողոտային հարակից այգում՝ Մարգարյան ծննդատան կողքին, ինչն էլ բողոքի ալիք բարձրացրեց հասարակության տարբեր շերտերի մոտ:


Բողոքի ակցիային միացան մի շարք արվեստագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ: