Բազմաթիվ ավիապատահարների պատճառով Պակիստանի մասնավոր ավիաընկերություններին արգելվել է փոխադրումներ իրականացնել

23:30 • 22.04.12

Հաճախակի տեղի ունեցող ավիավթարների պատճառով Պակիստանի իշխանությունները այսօր անորոշ ժամանակով լիակատար արգելք են սահմանել մասնավոր ավիաընկերությունների կողմից թռիչքների իրականացման վրա:
Համապատասխան հրաման է արձակել Պակիստանի պաշտպանության նախարար Չոուրդի Ահմադ Խուխտարը:


«Պակիստանի բոլոր մասնավոր ավիաընկերություններին թռիչքներ իրականացնելու արգելքը ուժի մեջ կլինի մինչև Իսլամաբադի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը, ինչպես նաև այդ ընկերությունների մոտ առկա նյութատեխնիկական բազայի վիճակի ուսումնասիրությունը», - պարզաբանել է Պակիստանի ՊՆ մամուլի ծառայությունը:


Վերջին երեք օրերի ընթացքում, Պակիստանում մի շարք ավիապատահարներ և աղետներ են տեղի ունեցել: Ուրբաթ, Իսլամաբադի օդակայանում վայրեջք իրականացնելիս, կործանվել էր «Բոինգ 737» ինքնաթիռը, որը 30 տարի շահագործման մեջ էր և անհրաժեշտ վերանորոգում չէր անցել: Աղետի հետևանքով 127 մարդ զոհվեց: