Երևանում գրքի տոն է (լուսանկարներ, տեսանյութ)

20:00 • 22.04.12

Երևանը 2012 թվականին հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք և այդ կապակցությամբ այսօր ամբողջ քաղաքում տիրում էր տոնական մթնոլորտ: Նախ, Երևանի քաղաքապետարանում, ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցում էին տարբեր երկրներերից հրավիրված պատվիրակներ, գրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ:


Միջոցառումները մեկնարկեց Տիրան Սիրանյանի՝ «Բունեոս-Այրես» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացման արարողությամբ, այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլոք:
ՀՀ նախագահը իր ելույթում նշեց, որ պատահական չէ, որ Երևանը 12-րդ քաղաքն էր, որ դարձավ «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» և հենց 2012 թվականին: Սերժ Սարգսյանը կարևորեց միջոցառումները, որոնք անց են կացվում այսօր:
Տոնի կապակցությամբ այսօր հանդիսավոր կերպով տեղի ունեցավ նաև «Հայփոստ» ընկերության կողմից թողարկված նամականիշի մարում: Նամականիշը պաշտոնապես կոչվել է՝ «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» անվանումով:

Նշենք նաև, որ նամականիշի վրա պատկերված է հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության հիմնադիր Հակոբ Մեղապարտը՝ իր հիմնադրած տպարանի նշանով, իսկ նամականիշի խորքում Հակոբ Մեղապարտի տպագրած գիրքն է՝ «Ուրբաթագիրքը»:
Մարումն իրականացրին Վենետիկի և Երևանի քաղաքապետեր Ջորջիո Օրսոնին, Տարոն Մարգարյանը, ՀՀ տրասպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:


Մարված գեղաթերթիկը զարդարված է մանրանկարներով, Մատենադարանի, Վենետիկի պատկերներով: Գեղաթերթիկի կենտրոնում տեղադրված նամականիշի վրա պատկերված է հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր Հակոբ Մեղապարտը` իր հիմնադրած տպարանի նշանով: Նամականիշի խորքում հայերեն առաջին տպագիր գիրքն է`Ուրբաթագիրքը, վերևի աջ անկյունում պատկերված է «Երևանը`2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի պատկերանշանը:

Քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, արտասահմանից հրավիրված հյուրերի ուղեկցությամբ շրջեց մայրաքաղաքում:
Երևանում այսօր ամենուր նախատեսված են համերգային ծրագրեր, բացօթյա ներկայացումներ, ասմունքի երեկոներ և այլն:

 


 

Լուսանկարները՝ Pan Armenian Photo–ի և ՀՀ նախագահի մամուլի ծառայության