Բակո Սահակյանը քննարկել է Արցախում ոսկերչության զարգացմանն առնչվող հարցեր

09:49 • 23.04.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է «Էսթետ» ոսկերչական տան պատվիրակությանը` կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից փոխանցում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր:

 

Այնուհետև երկրի ղեկավարը հյուրերի հետ մասնակցել է Ստեփանակերտում ոսկերչական նոր ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Բակո Սահակյանն այս հաստատության բացումը համարել է «Էսթետ» ոսկերչական տան հետ հաջող համագործակցության խորհրդանիշ, որը մեծապես կնպաստի Արցախում ոսկերչության զարգացման և միջազգային ասպարեզ դուրս գալու գործին:

 

Միջոցառումներին մասնակցել են Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: