Ղազախստանը երախտապարտ է «Բորատ»-ին` զբոսաշրջիկների թվի աճի համար

13:06 • 23.04.12

2006թ.-ին էկրան բարձրացած «Բորատ» սկանդալային ֆիլմը նպաստել է Ղազախստան զբոսաշրջիկների թվի աճին, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Երժան Կազիխանովը: 

 

«Այս ֆիլմից հետո, երկիր մուտքի այցագրերի թիվը տասնապատիկ ավելացել է: Մեզ համար սա մեծ հաղթանակ է»,- ասել է նախարարը:

 

2006-ին նկարահանված ֆիլմը կրկին հանրության ուշադրության առարկա դարձավ վերջերս Քուվեյթում հրաձգության առաջնության ժամանակ գրանցված միջադեպի պատճառով, երբ ղազախական հիմնի փոխարեն հնչել էր «Բորատ»-ի կեղծ հիմնը, որտեղ նշվում է «աշխարհի հզորագույն երկրի մասին»` «աշխարհի լավագույն արդյունաբերությամբ» ու «մաքուր մարմնավաճառներով»:

 

«Բորատ. Ամերիկայի մշակութային ուսումնասիրություններն ի նպաստ Ղազախստանի փառահեղ բնակչության» ֆիլմը պատմում է հորինված ղազախ լրագրող Բորատ Սագդիևի արկածների մասին, որտեղ գլխավոր դերը խաղացել է բրիտանացի կատակերգակ դերասան Սաշա Բարոն Քոենը: Սկզբում այն արժանացել էր ղազախական իշխանությունների բացասական ռեակցիային, քանի որ ֆիլմում անհաջող կատակներ են արվում ղազախների հասցեին, սակայն հետագայում ընդունել են, որ այն լավ գովազդ էր երկրի համար:

 

Ըստ ղազախական Tengrinews-ի` Կազիխանովն ընդգծել է, որ, օրինակ, Միացյալ Նահանգների տուրօպերատորներից մեկը հատուկ «Բորատ-տուր» է կազմակերպել դեպի Ղազախստան:

 

«Ես շնորհակալ եմ «Բորատ»-ին, որ նա օգնեց զբոսաշրջիկների ներգրավմանը»,- ասել է ԱԳ նախարարը: