Բրեյվիկը ներողություն է խնդրել Օսլոյի «ոչ քաղաքական» զոհերի հարազատներից
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն այսօր շարունակված դատական նիստում ներողություն է խնդրել Օսլոյի կառավարական թաղամասում իրականացրած պայթյունի «ոչ քաղաքական» զոհերի հարազատներից:
«Ես ներողություն եմ խնդրում»,- ասել է նա:
Sky News հեռուստաալիքի համաձայն` ահաբեկիչն ասել է, որ Օսլոյի պայթյունի զոհ են դարձել պատահական անցորդներ:
Սակայն Բրեյվիկը հրաժարվել է նույնն ասել Ուտոյա կղզում ահաբեկչության զոհերի հարազատներին` միայն նշելով, որ կղզու երիտասարդական ճամբարի մասնակիցները «քաղաքական» զոհեր էին:
Այսօր, ի դեպ, Բրեյվիկի ցուցմունքներ տալու վերջին օրն է: Նախորդ դատական նիստերում նա մանրամասն պատմել է` ինչպես է պատրաստվել ահաբեկչություններին, ինչպես է գումար տնտեսել, նաև հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և խելագար չէ:
Նախորդ տարի կրկնակի ահաբեկչությունների հետևանքով 77 մարդու սպանած ահաբեկչի նկատմամբ դատական գործընթացը կտևի ևս մի քանի շաբաթ: Դատարանը վճիռը կհրապարակի հուլիսի 22-ին` ողբերգության տարելիցի օրը: Եթե նա մեղսունակ ճանաչվի, ապա կդատապարտվի 21 տարվա ազատազրկման (Նորվեգիայում առավելագույն պատժաչափը ահաբեկչության համար), իսկ եթե ոչ, ապա ցմահ կուղարկվի հոգեբուժարան:









