Դեմքի ձախ հատվածն ավելի գրավիչ է, քան աջը. գիտնականներ

18:38 • 23.04.12

Ամերիկյան Ուեյք Ֆորեսթի համալսարանի հետազոտողները ապացուցել են, որ մարդիկ առավել գրավիչ են ձախ կողմից, քան աջ, հայտնում է The Daily Mail-ը: Հոգեբանության պրոֆեսոր Ջեյմս Շիրիլոյի գլխավորած խումբը եկել է այն եզրահանգման, որ հույզերի մեծ մասը մարդիկ փոխանցում են միմիկաների միջոցով, իսկ ձախ կողմն ավելի ակտիվ ու բաց է արտահայտում հույզերը, քան աջը:

 

Նրանք իրենց հետազոտության համար օգտագործել են կանանց ու տղամարդկանց սև-սպիտակ լուսանկարներ, որոնք արվել են պրոֆիլից:

 

«Մեր արդյունքներով հաստատվում է հիպոթեզերի մի ամբողջ շարք, այդ թվում, հույզերի լատերալացումը (լատերալությունն ուղեղի աջ ու ձախ կիսագնդերի անհամաչափությունն է) և աջ կիսագնդի գերիշխող դիրքը, որն էլ, ինչպես հայտնի է, հույզերի արտահայտման ժամանակ ղեկավարում է դեմքի ձախ հատվածը»,- հայտնել են համալսարանի աշխատակիցները:


Քանի որ լուսանկարներն եղել են սև-սպիտակ, նրանք եզրակացնում են, որ ձախ կողմից արված լուսանկարների առավել գեղեցիկ լինելը բացառապես այդ հատվածի մկանների «շնորհքն» է: Բացի այդ, այն կապված է մեծ հուզականությամբ, այսինքն, կոպիտ ասած, մեր ձախ այտն ավելի հուզական է և բաց աշխարհին, քան աջը:



Ըստ նրանց` պատահական չէ, որ արևմտաեվրոպացի արվեստագետներն իրենց կտավներում ավելի շատ պատկերում են մարդկանց` ձախ պրոֆիլից:

Այնպես որ, ձախ կողմով պետք է շրջվել բարեկամներին ու ընկերներին, իսկ աջ կողմով` գործընկերներին, փոխանցում է newsland.ru-ն: