Ֆրանսիայում հետաքննում են ընտրությունների նախնական արդյունքների արտահոսքը

12:03 • 23.04.12

Փարիզի դատախազությունը նախագահական ընտրությունների նախնական արդյունքների ժամանակից շուտ հրապարակման կապակցությամբ հետաքննություն է սկսել: Le Figaro-ի հաղորդմամբ` իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել «Ֆրանս պրես» և բելգիական 2 գործակալությունները, շվեյցարական 1 թերթ, նորզելանդական 1 կայք, ինչպես նաև 1 բելգիացի լրագրող: Մասնավորապես` դատախազությունը կասկածում է այս լրատվամիջոցներին 1977թ.-ից գործող օրենքը խախտելու մեջ, որով արգելվում է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը մինչ քվեարկության ավարտը:

 

«Ֆրանս պրես»-ի համաձայն` սովորաբար նախնական արդյունքները հայտնի են դառնում երեկոյան արդեն 19.00-ին (ընտրատեղամասերը փակվում են փարիզյան ժամանակով 20.00-ին): Նախնական արդյունքները պատրաստում են դիտորդները` ձայների նախնական հաշվարկի հիման վրա: Այնուհետև դրանք ուղարկվում են լրատվական գործակալություններին, ինչը սովորական պրակտիկա է:

 

Գործակալությունը վստահեցրել է, սակայն, որ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ նախնական արդյունքները չի ուղարկի այն օտարերկրյա լրատվամիջոցներին, որոնք խախտում են ֆրանսիական օրենքը:



Եթե լրատվամիջոցները մեղավոր ճանաչվեն, ապա ստիպված կլինեն վճարել 75 հազ եվրո տուգանք: Օրենքը քննադատել է գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, ով գտնում է, որ այն հնացել է և չի համապատասխանում ներկա իրականությանը:

 

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 6-ին, որին մասնակցության իրավունք են ստացել Սարկոզին` 27.1% ձայնով և նրա մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, որի օգտին քվեարկել է ընտրողների 28.5 %-ը: