Տեղի ունեցավ «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ցուցադրության բացումը

13:43 • 23.04.12

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր տեղի ունեցավ «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրության բացումը:
Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500 ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ:


Ցուցադրության մեջ ներառված են, գրեթե, 300 հնատիպ և սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող տպագիր գրականություն: Գրքերը բաշխված են տարբեր խորագրերի ներքո: Դրանց մեջ են մտնում ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արևմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող եզակի հրատարակություններ:


Ցուցադրությունում ընդգրկված է նաև եզակի և արժեքավոր գրականություն, որը վերջին հինգ տարիների ընթացքում ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, բարերար Ջևան Չելոյանցի, «ՎիվաՍել– ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Ցուցադրության մեջ առկա գրականության զգալի մասը կա միայն թանգարան-ինստիտուտի ցուցասրահում: Ցուցադրության կազմակերպման գործում իրենց զգալի ավանդն են ունեցել նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ հիմնարար, և ՀՅԴ բյուրոյի գրադարանները:


Ցուցադրության բացմանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ այս ցուցանմուշներն այն փաստերն են, որոնք մեկ անգամ ևս փաստում են ցեղասպանության եղելությունը: