Մեր փաստարկները Թուրքիային որևէ շանս չեն տալիս ժխտելու Ցեղասպանությունը. Հայկ Դեմոյան

13:33 • 23.04.12

Հայոց ցեղասպանության մասին հայկական կողմի փաստարկները Թուրքիային որևէ հնարավորություն չեն տալիս ժխտելու Ցեղասպանության եղելության փաստը, ասում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:


«Մենք կազմակերպել ենք թանգարանային մի շարք ցուցադրություններ, և դրանք ունեն շարունակական բնույթ: Մենք նաև մշակում ենք մեր առաջիկա երեք տարիների աշխատանքը, որն իրականացնելու ենք մինչ 100–ամյակի լրանալը: Այս օրերին չենք ցանկանում խոսել մեր նախկին կատարած գործերի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկ Դեմոյանը:


Այս տարի ՀՑԹԻ-ը պատրաստվում է անցկացնել հետևյալ միջոցառումները: Նախ մայիսին ՀՑԹԻ-ը կկազմակերպի հանդիսավոր միջացառում` նվիրված ԱՄՆ Կարմիր խաչի հիմնադիր և հայասեր Կլարա Բարտոնի հիշատակին։ Սեպտեմբերին այն կկազմակերպի միջազգային գիտաժողով և ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90 –րդ տարելիցին: Այս տարի հրատարակվելու է նաև Ցեղասպանության վերաբերյալ շուրջ 25 անուն գրականություն:


Այսօրվա հանդիպմանը ներկա էր նաև 2010 թ. «Արդյո՞ք եղել է հայկական Ցեղասպանոթյուն» զեկույցի հեղինակ Ջեֆրի Ռոբերտսոնը, ով իր ելույթում ասաց, որ բոլոր փաստարկները վկայում են այն մասին, որ եղել է Հայոց ցեղասպանություն:
«Երբ մենք հրապարակեցինք մեր զեկույցը, այդ ժամանակ հասկացանք, որ իրավական տեսանկյունով անկասկած եղել է ցեղասպանություն»,-ասաց Ջեֆրի Ռոբերտսոնը:


Այս տարի ՀՑԹԻ-ը շրջիկ ցուցադրություններ կկազմակերպի մի շարք երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Շվեդիայում, Լիբանանում և Դանիայում: Տարվա վերջին նաև սկսելու են թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները և հին մասնաշենքի հիմնանորգման աշխատանքները: