Բոչելիին «հանրապետական» անվանելու հետ «Ժառանգությունը» որևէ աղերս չունի. Ստեփան Սաֆարյան

13:04 • 23.04.12

«Ժառանգություն» կուսակցության անդամ, թիվ 1 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուՍտեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան անձնական էջի պատին տեղադրված է կուսակցության լոգոյով ու բոլոր խորհրդանիշներով հրավեր՝ մասնակցելու մայիսի 1-ին «Ազատության» հրապարակում համերգ-հաղթահավաքին:


Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Ներսիսյանը, վերոնշյալ հայտարարության ներքո այսպիսի գրառում է թողել.«Ժառանգության» պատասխանը՝ հանրապետական Բոչելիին»՝ ակնարկելով, որ եթե Անդրեա Բոչելին Երևան էր եկել իշխանությունների հրավերով, ապա Ժառանգության համերգը պատասխան քայլ է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:


Տեղեկության համաձայն՝ «Ժառանգության» հավաքի համերգային մասն ապահովելու են երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը և սփյուռքահայ հայտնի երգիչ Ձախ Հարութը:


Այս ամենում, սակայն, ինտրիգայինը հրավերքի մեկնաբանությունն է: Tert.am –ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը նշեց հետևյալը. «Աշխարհահռչակ երգչին հանրապետական անվանելու հետ «Ժառանգություն» կուսակցությունը որևէ աղերս չունի: Նման պլակատ են պատրաստել և հարկ են համարել տեղադրել Ֆեյսբուքյան իմ պատին՝ իմ էջում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը՝ ավելացնելով, որ նույնիսկ չգիտի էլ, իր էջում նման կոլաժ է տեղադրված:


Հիշեցնենք, որ իտալացի աշխարհահռչակ երգիչ Բոչելին երեկ «Ազատության» հրապարակում ելույթ ունեցավ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների ծրագրում, որը հաստատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած հանձնաժողովի կողմից:


«Ժառանգություն» կուսակցության անդամը նաև որոշակի մեկնաբանություն ուներ.«Դե, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ մայիսի 7-ին «Ժառանգության» համակիրները և ընտրողները քաղաքացիական մեծ ժողով են հրավիրում, որը Րաֆֆի Հովհաննիսյանը պատկերավոր անվանեց «հաղթահավաք»»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Ժառանգությունում» հուսով են, որ այդ օրը ոչ թե կբողոքեն կեղծված ընտրությունների դեմ, այլ կնշեն քաղաքացու քվեի հաղթանակը»: