Միջադեպ Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանի ասուլիսի ժամանակ (տեսանյութ)
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանի այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ։ Երբ Թովմասյանը ներկայացնում էր իր ղեկավարած կուսակցության ծրագիրը, ներս մտավ նույն կուսակցության անդամ Մյասնիկ Պատվականյանը, ում Ռուբեն Թովմասյանի հետ եկած մարդիկ թույլ չէին տալիս խոսել։
Վերջինիս հրելով և բռնություննր գործադրելով դուրս հանեցին ասուլիսի սրահից, իսկ բռնությունները շարունակվեցին նաև դրսում, սակայն դրան միջամտեցին նաև լրագրողները:
Ռուբեն Թովմասյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այդ մարդը միշտ խանգարում է իրենց աշխատանքներին:
Անդրադառնալով բուն քարոզարշավին՝ Ռուբեն Թովմասյանն ասաց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի հավատում այն բազմության իրականությանը, որոնց տեսնում է այլ կուսկացությունների քարոզարշավների ժամանակ:
«Թե այդ ինչ մասսաներ են, որ հավաքվում են, ես չեմ կարող ասել, սակայն ես գիտեմ, որ մենք տեսնում ենք իրական մարդկանց և նրանց հետ ենք հանդիպում և քարոզում: Ես հակաքարոզչություն չեմ անում, բայց ցանկանում եմ, որ իրական ձայնը լսեր այս ժողովուրդը»,- ասաց Թովմասյանը:
ՀԿԿ առաջին քարտուղարը հանդիպման ժամանակ հիշեց գրող հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի խոսքերը. «Ես չեմ ուզում ճշմարտությունը հաղթի, ես ուզում եմ սուտը չանցնի ճշտի տեղ»:
Ռուբեն Թովմասյանը տեղեկացրեց, որ ՀԿԿ-ն քարոզարշավի ժամանակ արդեն հասցրել է ներկայացնել իր նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է 20 կետից: Նա նաև ավելացրեց, որ Ազգային ժողովում իրենց հայտնվելը համարում է իրատեսական:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց, ի թիվս այլ կուսկացությունների մասնակցելու հայտ է ներկայացրել նաև կոմունիստական կուսակցությունը:









