Լոնդոնյան մարաթոնի մասնակիցը մահացել է եզրագծի մոտ
Ամենամյա լոնդոնյան վազքի մարաթոնն այս տարի դժբախտությամբ է ավարտվել: Եզրագծին հասնելու վերջին շրջադարձին 30-ամյա կինը կորցրել է գիտակցությունը և տեղում մահացել` չնայած ցուցաբերված առաջին բուժօգնությանը:
1981 թ-ից սկսված ամենամյա մարաթոնի ընթացքում արդեն տասնյակ մահվան դեպքեր են գրանցվել: Վերջին անգամ նման դեպք գրանցվել էր 2007 թ.-ին, երբ զոհվել էր 22-ամյա մի մարզիկ:
Ըստ բժիշկների` նա մահացել էր վազքի ընթացքում շատ ջուր օգտագործելու հետևանքով: Եվս 5 դեպքում մահվան պատճառ էին դարձել սրտային հիվանդությունները:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ավանդական մարաթոնին մասնակցել է ավելի քան 37 հազ մարդ, որոնցից ամենատարեցը եղել է 101 տարեկան: Մրցատարածությունը նա հաղթահարել է մոտ 42 կմ` 7 ժամ 49 րոպեում:
Մարաթոնի հաղթողները դարձել են քենիացի մասնակիցներ Ուիլսոն Քիփսանգը և Մերի Քիթանին: Առաջինը վազքի մարաթոնն ավարտել է 2 ժամ 4 րոպե 44 վայրկյանում, իսկ երկրորդը` 2 ժամ 18 րոպե 37 վայրկյանում:









