ԱԺ ընտրություններին առաջադրված բոլոր կուսակցությունները պահանջում են Ցեղասպանության ճանաչում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը 2012թ-ի խորհդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով առաջադրված բոլոր կուսակցությունների արտաքին քաղաքականության մի մասն է կազմում:
«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցություններն ու ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը կարևորում են Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության կողմից, բայց միաժամանակ ընդգծում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ու սահմանների բացման անհրաժեշտությունը։
Երեք կուսակցություններն էլ ընդգծում են, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է լինի նախապայմանների վրա հիմնված:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն արտաքին քաղաքականության երեք առաջնահերթություններից մեկը համարում է Հայ ցեղասպանության ճանաչման հարցում հետևողականությունը՝ հենվելով միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, համամարդկային արժեքների ու պատմական ճշմարտության վրա:
Կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներում նշում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել մեր օրինական պահանջատիրությունից հրաժարվելու գնով:
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արտաքին քաղաքականության հիմնադրույթների մեջ առաջ է քաշում Հայոց ցեղասպանության 100-մյա տարելիցի նախաշեմին հայության ջանքերի համախմբման հարցը՝ ուղղված մարդկության դեմ սարսափելի ոճրի միջազգային ճանաչման, ապագայում ցեղասպանությունների կանխարգելման, ուրացման բացառման դատապարտման գործում: Կուսակցությունը վստահեցնում է, որ ինքը շարունակելու է ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու համար:
ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգում պահելը կարևորում է նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը և իր արտաքին քաղաքականության հիմանդրույթներում նշում, որ ՀՀ-ի համար կարևոր է հարևան բոլոր պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի հետ բարիդրացիական և առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը:
«Միավորված հայեր» կուսակցությունը, կարևորելով հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ընդգծում է, որ պետք է վերանայվի 1921թ Մոսկվայի և Ղարսի պայմանագրերը՝ որպես միջազգային իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարման փաստ:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն առաջադրված բոլոր ինը կուսակցություններից միակն է, որ միանշանակ դեմ է Թուրքիայի հետ ցանկացած հարաբերությունների հաստատմանը և պահանջելու է, որ աշխարհը ճանաչի հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը:









