Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ Ստյոպա Սաֆարյանի հետ

13:47 • 23.04.12

Լուսանկարը` Panarmenian-ի
 


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ համաձայն չէ նույն կուսակության անդամ Ստյոպա Սաֆարյանի այն կարծիքի հետ, թե կուսակցությունների միասնական շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շտաբն է:

«Ժառանգության» առաջնորդը նշեց, նաև, որ համաձայն չէ այլ քաղաքական գործիչների հետ ևս. «Ստոպայի հետ համաձյան չեմ, համաձայն չեմ Արմեն Ռուստամյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Վարդան Օսկանյանի և իրենց սպասարկող լրատվամիջոցների հետ»,-ասաց նա:

 

Հարցին, թե նշված գործիչների ո՞ր մտքերի հետ համաձայն չէ, Հովհաննիսյանն ասաց, որ այն պատասխանների, որոնք նրանք տվել են, մինչ Ստյոպա Սաֆարյանի արած հայտարարությանը:

Նշենք, որ կայքերից մեկին տված հարցազրույցում Ստյոպա Սաֆարյանն ասել էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցում «Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը»` հավելելով, որ թե՛ Հմայակ Հովհաննիսյանի, թե՛ Վարդան Օսկանյանի հարցազրույցները, նրանց չքննադատելու Լևոն Տեր-Պետրոսյանի կեցվածքը վկայելու են գալիս, որ ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբը ոչ թե ընտրությունների հետ է կապված, այլ Ռոբերտ Քոչարյանի:

Խոսելով տեղամասային հանձնաժողովներում ունեցած իր 50 տեղերը ՀՀԿ–ին զիջելու «Ժառանգության» քայլը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դրանք համակարգչային վրիպակի հետևանք են և դրանում մեղավոր է կուսակցությունը:

 

Նա նշեց, որ եթե օրենքի շրջանակներում հնարավոր լինի ուղղել այդ սխալը, ապա կուղղեն, եթե ոչ, կտեղեկացնեն, թե որ ընտրատարածքներում կունենան լիազորված անձինք:

 

Նշենք նաև, որ Ստյոպա Սաֆարյանը կայքերից մեկին այդ քայլը մեկնաբանել էր տեղամասային հանձնաժողովներում լիցենզավորված մասնագետներ չունենալու պատճառով քննությունը չանցնելով: