Թուրքիայի բնակչության 40%-ն իրենց մաքուր թուրքեր չեն համարում. Ռուբեն Սաֆրաստյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարևորում է Թուրքիայում տեղի ունեցող ինքնության ճգնաժամը, երբ շատ թուրքեր, վերջին 5-6 տարում, սկսեցին իրենց ընկալել ոչ թե թուրք, այլ որպես ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչներ:
Tert.am-ի հետ զրույցում թուրքագետը նկատեց, որ իրենց մաքուր թուրքեր չհամարող մարդկանց թիվն այսօր Թուրքիայում կազմում է բնակչության 40 տոկոսը: Եվ այս երևույթը գնալով խորանալու է:
«AKP («Արդարություն և զարգացում» կուսակցություն) ազգայնական կուսակցությունը փորձում է դրա դեմ պայքարել, ուզում է նոր ինքնություն ստեղծել, որը հիմնված չի լինի քեմալական ինքնության սկզբունքի վրա, այն է` Թուրքիայում ապրողները բոլորը թուրքեր են։ Այս սկզբունքն այսօր արդեն չի գործում, քանդվում է, դրա համար մարդիկ դուրս են գալիս փողոց ու հայտարարում` «մենք թուրք չենք»:
Հետևաբար, Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության նպատակն է, որ թուրքական նոր ինքնությունը հիմնվի Օսմանյան կայսրության գաղափարի վրա, այսինքն, եղել են տարբեր ժողովուրդներ, բայց բոլորը եղել են մեկ կայսրության մեջ, ասում է թուրքագետն ու փաստում. «Սա նեոօսմանիզմի գաղափարախոսությունն է։ Նպատակը` երկրի ներսում ստեղծել մի նոր ինքնություն, կամ վերափոխել հինն ու նրանում ներմուծել այս նոր տարրը` մենք բոլորս Օսմանյան կայսրության ժառանգներն ենք»:
Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, այստեղ շատ լուրջ վտանգ կա և՛ Թուրքիայի բոլոր հարևան երկրների և՛ մասնավորապես, հայերի համար, որոնք պետք է պատրաստված լինեն:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարություն էր տարածել, որում ասել էր, թե «Ֆրանսիան ու նրա կողմից օգտագործվող հայերը ոչնչի չեն հասնի, նրանք չեն կարող սևացնել մեր փառապանծ պատմությունը։ 2011-2023 թվականներին մենք կհանդիպենք մեր եղբայրների հետ այն հողերում, որոնք մենք լքել ենք 1911-1923 թվականներին։ Դա մեր պարտադիր պատմական առաջադրանքն է»։
Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանությամբ, Թուրքիայի ԱԳ նախարարի նման հայտարարությունը ագրեսիայի կոչ է ուղղված հարևան երկրներին: Ու պետք է, որ իր վերաբերմունքն արտահայտի ոչ միայն Հայաստանը, այլև հարևան երկրները: Սա նշանակում է Օսմանյան կայսրության վերականգնման կոչ, քանի որ 1911-1923 թվականներին է այն գոյություն ունեցել:
«Եթե նման բան է ասել երկրի ԱԳ նախարարը, սա խայտառակ փաստ է: Թուրքիայի կողմից և վարվող քաղաքականությունը, և՛ նման հայտարարությունները փաստում են, որ Թուրքիան իր հարևանների նկատմամբ սկսում է վարել ագրեսիվ քաղաքականություն»,- եզրափակեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:









