Սաակաշվիլիի դեմ մահափորձ էր նախապատրաստվել

12:21 • 23.04.12

Վրաստանի Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սանդրո Կավսաձեն սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է vz.ru գործակալությունը: Վրացական «Ասավալ- դասավալի» թերթին տված հարցազրույցում ռուսաստանաբնակ նախկին պաշտոնյան ասել է, որ 2008թ.-ին վախճանված ընդդիմադիր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին առաջարկել է իրեն ոչնչացնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

 

Նախարարության հետախուզական վարչության նախկին պետ Կավսաձեն հայտնել է, որ այդկերպ Պատարկացիշվիլին ցանկացել է վրեժխնդիր լինել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան համար (նա մահացել է 2005թ.-ին, պաշտոնական վարկածով` գազից թունավորման հետևանքով):

 

«Ժվանիային սպանել են, քանի որ նա վտանգ էր ներկայացնում Սաակաշվիլիի համար: Նա ցանկանում էր իշխանությունը վերցնել իր ձեռքը: Ժվանիան ու Պատարկացիշվիլին ցանկանում էին «գցել» Սաակաշվիլիին»,- պատմել է Կավսաձեն:

 

Նրա խոսքով` մախապես Սաակաշվիլիի ոչնչացման համար օլիգարխը Ռուսաստանից 2 քիլերի է վարձել, սակայն վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել էին` ոստիկանի սպանելու համար: Դրանից հետո, նախկին պաշտոնյայի խոսքով, Պատարկացիշվիլին հրամայել է սպանել նրանց, որպեսզի տեղեկությունը չտարածվի: Սպանվածների դիերը տեղափոխվել են Աբխազիա:

 

Կավսաձեի խոսքով` քիլեր վարձելու անհաջող փորձից հետո, Պատարկացիշվիլին իրեն 50 մլն դոլար է առաջարկել` Սաակաշվիլիի ոչնչացման համար, սակայն նա հրաժարվել է:

 

Վրաստանի իշխանությունների կողմից մեկնաբանություններ դեռևս չեն արվել: