Ապրիլի 24-ին տղաս մահացավ երկրորդ անգամ. Անի Բալըքչը

13:20 • 23.04.12

Անցյալ տարի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգում սպանված հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի մայրը Սևակի մասին պատմել են թուրքական «Vatan»- օրաթերթին:
 

Մասնագիտությամբ ուսուցչուհի մայրը` Անի Բալըքչըն, պատմել է, որ ինքն է եղել որդու առաջին ուսուցիչը:

 

«Նրան ոչ մեկին վստահել չկարողացա: Դեռ մանկուց նրա ապրելու համար շատ էինք պայքարել: Սևակը 7 ամսական էր ծնվել` 1 կգ 100 գրամ քաշով: Բժիշկները շատ պայքարեցին նրա կյանքը փրկելու համար, նրան «հրաշքով փրկված» փոքրիկ էին անվանում»,- ասել է նա:
 

Անի Բալըքչըն պատմել է նաև, որ հիվանդանոցից տուն բերելուց հետո, ապրիլի 24-ին, նկատել է, որ նորածնի ձեռքերն ու ոտքերը կապտել են:

 

«Հիվանդանոց տեղափոխվեցինք, մեկ օրվա ընթացքում նրա սիրտը 3 անգամ կանգ առավ: 25 տարի անց` նույն օրը, երկրորդ անգամ մահացավ տղաս»,- պատմել է նա:
 

Սևակի մայրն ասել է, որ որդին չափազանց բարի էր և չէր սիրում պատերազմն ու զենք:

 

«Անգամ ծառայության առաջին օրերին զանգեց, ասաց մայրիկ, ինձ զենք են տվել, ի՞նչիս է պետք, ի՞նչ եմ անելու: Ի՞նչ իմանայի, որ ամեն ինչ այսպես կավարտվի»,- ասել է մայրը:

Անդրադառնալով պնդումներին, թե Սևակն ու մարդասպան Քըվանչը մոտ ընկերներ են եղել, Անի Բալըքչըն ասել է, որ Սևակն իրենց նրա մասին ոչինչ չի պատմել. «Նշանածին էլ չի պատմել: Ֆեյսբուքում էլ ընկերներ չեն: Սևակի ընկերները մեզ ասացին, որ Քըվանչը Սևակին ասել էր, «Հայաստանի հետ եթե պատերազմ լինի, առաջինը քեզ կսպանեմ»: 

 

Նա պատմել է, որ երբ որդու սպանությունից հետո առաջին անգամ Բաթման է գնացել, Քըվանչն իրեն ձեռք է մեկնել:

 

«Շոկի մեջ էի, առանց գիտակցելու տղայիս սպանող ձեռքը սեղմեցի»,- ասել է նա:
 

Անի Բալըքչըի խոսքերով` դատական վերջին նիստի ընթացքում դատավորն իրեն ասել է, թե պետք է այնպիսի վճիռ կայացնի, որ երկու ընտանիքների երեսին նայելուց չամաչի:

 

«Այդ խոսքերը լավ չեմ հասկանում: Կարևորն այստեղ արդարության հաղթանակն է: Հուսով եմ արդարությունը տեղը կգտնի»,- ասել է Բալըքչըն: