Անտարկտիկայի սառույցն ավելի արագ հալվում է օվկիանոսների տաք ջրից, քան օդից. հետազոտություն

17:55 • 26.04.12

Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ Անտարկտիկայի սառցե շերտը հալվում է համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման պատճառով, գրում է Daily Mail-ը:

 

Դա նշանակում է, որ համաշխարհային օվկիանոսի մակարդակը կանխատեսվածից ավելի արագ տեմպերով կբարձրանա:

 

Յուրաքանչուր տարի Անտարկտիկայի սառցե շերտի արևմտյան հատվածը 7 մետրով կրճատվում է: Մինչ այսօր գիտնականները փորձում էին գտնել այս երևույթի բացատրությունը, քանի որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը բավական չէր սառցաբեկորների հալման նման կտրուկ աճն ապահովելու համար:

 

Ավելի լուրջ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բացի ջերմաստիճանի բարձրացումից սառցե շերտի հալմանը նպաստում է նաև համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը, որը տեղի է ունեցել եղանակային փոփոխությունների, օզոնային ճեղքի լայնացման և ջերմոցային գազերի արտանետման հետևանքով:

 

Գիտնականները պարզել են, որ Անտարկտիկայի արևմտյան սառցե շերտի ամբողջովին հալվելու դեպքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 5 մետրով:

Անտարկտիկայի սառույցն ավելի արագ հալվում է օվկիանոսների տաք ջրից, քան օդից. հետազոտություն