Գերմանացի գիտնականները աշխարհում առաջին «ինտելեկտուալ» ավտոդողերն են ստեղծել
Լայպցիգի կիրառական գիտությունների համալսարանի գիտնականները փորձում են ավարտին հասցնել աշխարհում առաջին «ինտելեկտուալ» ավտոդողերի ստեղծումը, որոնք կարող են ինքնուրույն հարմարվել եղանակային պայմանների փոփոխությանը:
Նման անվադողի նախատիպը ստեղծողները ներկայացրել են այս օրերին Հանովերում տեղի ունեցող արտադրական տոնավաճառում, հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Խելացի» անվադողերը հատուկ տվիչներով են համալրված, որոնք կարողանում են որոշել ճանապարհածածկույթի տեսակը և եղանակային պայմանները:
Այդ տվյալներին համապատասխան, անվադողը փոխում է իր պրոտեկտորի ձևն ու խորությունը: Ամենաանհավանականն այն է, որ դրանք կարող են փոփոխվել և հարմարվել եղանակային պայմաններին` նույնիսկ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ:
«Այս ամենը նշանակում է, որ ձեր մեքենան միշտ կունենա հենց այն անվադողերը, որոնք անհրաժեշտ են տվյալ իրավիճակում: Կարիք չի լինի ավելորդ վառելիք այրել կամ տառապել բարձր ձայնի պատճառով, բոլոր այդ պարամետրերը նույնպես կարելի է ավտոմատ կերպով կարգավորել: Վարորդները ստիպված չեն լինի մտածել, թե ինչպես ընտրել և երբ փոխարինել դողերը: Անվադողերը իրենց փոխարեն դա կանեն», - ասել է գիտական խմբի ղեկավար Դետլեֆ Ռիմերը:
Նման անվադողերի շուկայում հայտնվելու ժամկետների մասին դեռևս չի հաղորդվում:










