Սննդակարգ, որը կօգնի խուսափել շաքարային դիաբետից

13:48 • 29.04.12

Քեմբրիջի նյութափոխանակման գիտությունների ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր օգտագործում են մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն, նրանց մոտ ավելի քիչ հավանական է 2-րդ կարգի շաքարախտ հիվանդությունը (որը հիմնականում տարածված է ծերերի և գիրությամբ տառապողների մոտ):

Գիտնականները համոզված են, որ իրենց ուսումնասիրության արդյունքերը շարժառիթ կդառնան, որպեսզի մարդիկ օգտագործեն ճիշտ սննունդ:

Հետազոտությանը մասնակցել են 3,794 բրիտանացի՝ 40-79 տարեկան: Տասնմեկ տարիների ընթացքում փորձագետներն 2-րդ տիպի շաքարախտ հայտնաբերել են հետազոտության մասնակցած 653 մարդու մոտ: Հիվանդությունը առավել հազվադեպ է նկատվել նրանց մոտ, ում սննդակարգը բաղկացած է եղել մրգերից և բանջարեղենից:

Օրական բանջարեղենի և մրգերի 6 չափաբաժին օգտագործող մարդկանց 16 տոկոսի մոտ ախտորոշվել է շաքարախտի 2-րդ տիպը: Նրանց մոտ, ովքեր օրական ուտում էին բանջարեղենի և մրգերի 2 կամ ավելի քիչ չափաբաժին, 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը հասել է 21 տոկոսի: 

Ուսումնասիրության ղեկավար Նիթի Ֆորոուհիի խոսքով՝ այստեղ կարևոր դեր է խաղում ոչ միայն չափաբաժնի քանակը, այլ նաև բանջարեղենի և մրգերի ցանկի բազմազանությունը: Նա նաև նշել է, որ ամենահզոր գործոններից մեկը, որն առաջացնում է 2-րդ տիպի շաքարախտ՝ ճարպակալումն է: Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել քաշը ֆիզիկական վարժությունների օգնությամբ: