ԱՄՆ-ի ՌԾՈւ-ն վաճառքի է հանել փորձարարական անտեսանելի նավը
ԱՄՆ-ի ՌԾՈւ-ն վաճառքի է հանել Sea Shadow նավը, որը առաջինն էր կառուցված քիչ տեսանելիության տեխնոլոգիաների կիրառմամբ:
Նավը հանվել է համացանցային աճուրդի, որին կարող է մասնակցել ցանկացած անհատ կամ կազմակերպություն, իսկ դրույքների քայլը ընդամենը 100 ԱՄՆ դոլարով են մեծանում:
Նավի նախնական գինը սահմանվել էր 10 հազար ԱՄՆ դոլար, սակայն այսօր առավոտյան գինը հասել էր 100.4 հազար դոլարի: Վաճառքի ավարտը նախատեսված էր մայիսի 4-ին, սակայն աճուրդը կարող է երկարաձգվել:
Նկարագրության համաձայն՝ նավը կառուցվել է 1983թ. ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից: Sea Shadow-ի երկարությունը 49,9 մետր է, լայնքը 20,7 մ, իսկ ջրասույզ մասը 4.6 մ: Արտամղած ջրածավալը 452.6 տոնա է:
Sea Shadow-ն համալրված է դիզել-էլեկտրական ուժային ագրեգատով:
Sea Shadow նավի ստեղծման ժամանակ կիրառվել է անտեսանելիության այն նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են ամերիկյան F-117 Nighthawk կործանիչ օդանավի մեջ:
Աճուրդի պայմաններով նավը վաճառվում է որպես մետաղի ջարդոն, քանի որ արժեք չի ներկայացնում: Սակայն նավը կարող է արժեք ներկայացնել կոլեկցիոներների համար, քանի որ նավը նախատիպ է հանդիսացել «Գործակալ 007» Ջեյմս Բոնդի «Վաղը չի մեռնի երբեք» ֆիլմում օգտագործվան անտեսանելի նավի համար:
Պետք է նշել, որ ԱՄՆ-ի ՌԾՈւ-ն սկսած 2006թ. բազմիցս փորձել է Sea Shadow նավը վաճառել, սակայն նախորդ աճուրդները տապալվել են: Բանը հասավ նրան, որ նախորդ տարի ԱՄՆ-ի ՊՆ-ն որոշել էր նավը ոչնչացնել՝ վաճառել չկարողանալու պատճառով:










