Ինտերնետային «Օսկարներ»` Facebook-ին, Google + -ին և Բյորքին
Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի` «Օսկարի» համացանցային համարժեքի կողմից մրցանակների են արժանացել Google+-ն ու Pinterest-ը, Spotify երաժշտական ծառայությունը և Facebook-ը, և այլ կայքեր ու գործիչներ:
Մրցանակը կոչվում է Webby Awards: Սա ակադեմիայի 16-րդ մրցանակաբաշխությունն է: Թվային տիրույթներում իրենց ներդրման համար ինտերնետային «Օսկարների» են արժանացել նաև իսլանդացի երգչուհի Բյորքը և լատինամերիկացի կատակերգու Լուիս ՍիՔեյը:
Facebook-ն արժանացել է Սոցիալական փոփոխությունների ասպարեզում առանձնահատուկ ձեռքբերման մրցանակի` ինտերնետը սոցիալական և քաղաքական զարգացման նպատակով օգտագործելու համար: Facebook-ին մրցանակը տրվել է քվեարկությամբ:
Մրցանակները բաշխած ակադեմիայի ժյուրիի կազմում են Twitter-ի համահիմնադիր Բիզ Սթոունը, Huffington Post Media Group-ի գլխավոր խմբագիր Արիանա Հաֆինգթոնը և բջջային հեռախոսի գյուտն անող Մարտին Քուփերը:
Քվեարկել է նաև մոտ 1,5 մլն մարդ` աշխարհի 200 երկրներից: Վերջիններիս ձայներով լավագույն լրատվական կայք է ճանաչվել BBC-ինը, իսկ ժյուրին նույն անվանակարգում իր մրցանակը տվել է Daily Beast-ին:
Լավագույն քաղաքական կայք է ճանաչվել FactCheck.org-ը:
Այս և այլ հաղթողների մրցանակները հանդիսավոր ձևով կհանձնվեն մայիսի 21-ին Նյու Յորքի Համերսթեյնի պարահանդեսների սրահում:










