Չինաստանն ու Թայլանդը որոշել են համատեղ հրթիռային համակարգ ստեղծել
Թայլանդի ու Չինաստանի իշխանությունները որոշել են խորացնել պաշտպանական ոլորտում համագործակցությունը` ստեղծելով նոր, համատեղ հրթիռային համակարգ: Այս հայտարարությունից հետո, Իսրայելն ու ԱՄՆ-ն ուժեղացրել են հսկողությունն այս երկու պետությունների հանդեպ:
Նոր համակարգ ստեղծելու որոշումն ընդունվել է Թայլանդի պաշտպանական գերատեսչության պատվիրակության` Չինաստան այցից հետո: Նոր հրթիռային համակարգի մանրամասների մասին, հասկանալի պատճառներով, ոչինչ չի հաղորդվում, սակայն, ամենայն հավանականությամբ, տեխնոլոգիական մասը կընկնի Չինաստանի, իսկ ֆինանսականը` Թայլանդի վրա, գրում է Israel Defense թերթը:
Նախագծի իրականացումը, ըստ նախնական տվյալների, կտևի 3 տարի: Ըստ MIGnews.com-ի` համատեղ աշխատանքով Չինաստանը ցանկանում է ընդլայնել ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ: Իսրայելցի փորձագետների գնահատականով` նման համագործակցությունը թույլ կտա Չինաստանին սպառազինություն արտահանել «խնդրահարույց պետություններ», որոնց հետ նա ունի հարաբերություններ:
Այս նախաձեռնությունն անհանգստացնում է ԱՄՆ-ին, առաջին հերթին այն բանի համար, քանի որ Թայլանդը մինչ այսօր արևմտյան սպառազինություններ էր գնում, հիմնականում` ամերիկյան արտադրության, և հետաքրքրություն էր դրսևորում իսրայելական համակարգերի նկատմամբ:










