Լենինը մահացել է ոչ թե սիֆիլիսից, այլ Ստալինի թույնից. Լև Լուրիե
Խորհրդային կոմունիզմի հիմնադիր Վլադիմիր Լենինին թունավորել է իր քաղաքական իրավահաջորդ Իոսիֆ Ստալինը` նոր սենսացիոն տեսության համաձայն, գրում է Daily Mail-ն` անդրադառնալով ռուսաստանցի պատմաբան Լև Լուրիեի պնդմանը, որի համաձայն՝ Լենինի մահվան պատճառը ամենևին էլ սիֆիլիսը չի եղել, ինչպես ընդունված է կարծել:
Ստալինը ոչ միայն չի հանդուրժել Լենինի քննադատությունն իր հասցեին, այլև ավելի ծանր է տարել նրա հակվելը Լև Տրոցկիի կողմը, ինչը հնարավոր է արդեն վատառողջ Լենինին թունավորելու պատճառ է դարձել:
Լուրիեն գրում է, որ իր հակառակորդներին թունավորելը առհասարակ ընդունված մեթոդ է եղել Ստալինի համար:
Պատմաբանը ընդգծել է, թե իր տեսությունը կարելի է ստուգել Լենինի ուղեղը զննելով, որը առանձին պահվում է Մոսկվայում:
Պատմաբանը իր տեսությունը ներկայացրել է Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի ամենամյա գիտաժողովի ժամանակ, որի ընթացքում քննարկվում են հայտնի մարդկանց մահերը:
Նախորդ տարիներին նոր տեսություններ են ներկայացվել Թութանհամոնի, Կոլումբոսի, Սիմոն Բոլիվարի, Աբրահամ Լինքոլնի և այլոց վախճանի վերաբերյալ:










