ԱՄՆ-ում մանրէաբանը մահացել է այն մանրէից, որին ինքն է ձգտել ոչնչացնել
ԱՄՆ իշխանությունները հետաքննում են Սան Ֆրանցիսկոյի Վետերանների վարչության բժշկական կենտրոնի լաբորատորիայի աշխատակցի՝ 25 - ամյա Ռիչարդ Դինի վաղահաս մահվան հանգամանքները, ով մահացել է մի հիվանդությունից, որը հավանաբար առաջացրել է այն մանրէն, որի դեմ նա պատվաստանյութ էր մշակում: Սակայն, երիտասարդ գիտնականի գործընկերները պնդում են, որ նա չէր կարող վարակվել:
Մահվան նախօրեին նա գլխացավ և սրտխառնոց է ունեցել, հաջօրդ օրը նրա վիճակը վատացել է և ընկերները տեղափոխել են նրան հիվանդանոց, որտեղ և մահացել է՝ առաջին ախտանիշերի առաջացումից 17 ժամ հետո, գրում է vz.ru-ն:
Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի ղեկավար Հարի Լամփիրիսը հայտնել է, որ Դինը ուսումնասիրել է Neisseria meningitides մանրէն, որն ամեն տարի հարուցում է մենինգիտով հիվանդացության հազարավոր դեպքեր և խլում 75 մարդու կյանք: «Այս մանրէի մի քանի շտամների պատվաստանյութը ստեղծվել է դեռևս 1960-ականներին, սակայն B շտամի դեմ, որոնց հետ աշխատում էր Դինը, պատվաստանյութ գոյություն չունի» – ասել է նա:
Նրա խոսքերով՝ թեստերը հաստատել են գիտնականի արյան մեջ այդ շտամի առկայությունը: Լամփիրսը նաև հայտնել է, որ այն լաբորատորիան, որտեղ աշխատել է Դինը, կփակվի մինչև հետաքննության ավարտը: Դինի գործընկերները և ծանոթները գտնվում են բժիշկների հսկողության տակ և պրոֆիլակտիկ նպատակներով ընդունում են անտիբիոտիկներ:










