«Տորնադո»-ն կփոխարինի «Սմերչ»-ին և «Ուրագան»-ին (տեսանյութ)
Ռուսաստանում ավարտին են մոտենում «Տորնադո-Գ» համազարկային կրակի համակարգի պետական փորձարկումները: 2012թ. մայիսի վերջին, փորձարկումների ավարտից հետո, նոր համակարգերով կփոխարինվեն ցամաքային զորքերում առկա հնացած «Գրադ», «Սմերչ» և «Ուրագան» համակարգերը, ինչը կավարտվի մինչև 2020 թվականը, հաղորդում է lenta.ru-ն:
Ներկայում ՌԴ ցամաքային զորքերում կա համազարկային կրակի 600 համակարգ, որոնցից շատերը արդեն վաղուց սպառել են իրենց աշխատանքային ռեսուրսը:
Սպառազինության կվերցվեն «Տորնադոյի» 3 տարբերակ, 122 մմ տրամաչափի` «Տորնադո-Գ», 220 մմ տրամաչափի` «Տորնադո-Ու» և 300 մմ տրամաչափի` «Տորնադո-Ց»: Նոր համակարգերը կարող են օգտագործվել նաև «Գրադ», «Սմերչ» և «Ուրագան» համակարգերի զինամթերքով:
Նոր հրթիռները համալրված կլինեն հետախուզող սարքերով կամ նոր մարտագլխիկներով: Դրանք կկարողանան մնալ օդում և թիրախներ հայտնաբերելու կամ ուղղորդելու համար կիրառվել: Բացի այդ, նոր արկերը վերահսկվող ուղղորդման հնարավորություն կստանան:
Ապագայում, սպասվում է, որ «Տորնադո» համակարգերը կկարողանան բաց թողնել բալիստիկ և թևավոր հրթիռներ:
«Տորնադո» համակարգեր տեղակայվում են 8X8 հենասայլի վրա ԲԱԶ-6950-ի բազայի վրա: Մեկ «Տորնադո» համակարգի գինը մոտ 32 մլն ՌԴ ռուբլի է:
Տեսանյութում «Իսկանդեր-Մ» և «Տորնադոյի» նախատիպ հանդիսացող համազարկային համակարգերի փորձարկումներն են:










