Ձիերի ընտելացումը սկսվել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի տափաստաններում
Քեմբրիջի համալսարանի գիտնականներն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձիերի գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ այս կենդանիների ընտելացումն առաջին անգամ տեղի է ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի տափաստաններում, գրում է The Washinghton Post-ը:
Գիտնականները գենետիկայի և մաթեմատիկայի համադրման շնորհիվ գտել են, որ դրանց ընտելացումը տեղի է ունեցել 6 հազար տարի առաջ արևմտյան եվրասիական տափաստաններում: Ուսումնասիրությունները տևել են 16 տարի, որոնց ընթացքում գիտնականները 300 ձիերի մազերի օրինակ են հավաքել Ռուսաստանից, Չինաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոնղոլիայից և Լիտվայից: Մազերի օրինակները վերցված են եղել տեղական գյուղական տիպի ձիերից, որոնց գենետիկ տվյալները ավելի քիչ են փոփոխվել այլ տեսակների հետ բուծման արդյունքում:
Հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ ձիերի ԴՆԹ-ի բազմազանությունը բացատրվում է նրանով, որ շատ հաճախ ընտանի արու ձիերին բուծել են վայրի էգերի հետ:










