Արագ սնվելը 2.5 անգամ մեծացնում է շաքարախտի հավանականությունը. հետազոտություն

10:37 • 08.05.12

Լիտվացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ արագ ուտելը մեծացնում է շաքարախտով հիվանդանալու հավանականությունը 2.5 անգամ, գրում է Daily Mail-ը:

 

Մասնագետներն իրենց առաջարկած տեսակետը բացատրում են նրանով, որ արագ ուտելը առավելապես նպաստում է քաշի ավելացմանը, որն էլ իր հերթին խթանում է հիվանդության առաջացումը: Սննդի մեծ քանակ ընդունելու դեպքում մարդու մարսողական համակարգը չի կարողանում ուղեղին «կշտանալու» ազդակ ուղարկել, ինչի արդյունքում մարդու մոտ քաշի ավելացում է լինում:

 

Ուսումնասիրություններին մասնակցել է 702 մարդ, որոնցից 234-ը հիվանդ են են եղել 2-րդ տիպի շաքարախտով: Սկզբում բոլոր մասնակիցների քաշը և մարմնի ծավալը չափվել է, այնուհետև նրանց առաջարկվել է հարցաթերթիկ լրացնել, որտեղ տրված հարցերը եղել են նրանց կենսակերպի` մասնավորապես դիետաների, մարզանքների և ծխելու վերաբերյալ: Հարցերից մեկը արագ կամ դանդաղ սնվելու մասին է եղել:

 

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր խոստովանել են, որ ի տարբերություն մյուսների ավելի արագ են սնվում, 2.5 անգամ ավելի շատ են հակաված շաքարախտով հիվանդանալ:

 

«Շաքարախտի ամենատարածված 2-րդ տեսակը ահագանցող չափերի է հասնում ամբողջ աշխարհում:Ուստի շատ կարևոր է պարզել դրա առաջացմանը նպաստող պատճառները`հիվանդության զարգացումը կանխելու նպատակով»,-նշել է ուսումնասիրությունների ղեկավար Լինա Ռադզևիչիենեն:

Արագ սնվելը 2.5 անգամ մեծացնում է շաքարախտի հավանականությունը. հետազոտություն