Գիտնականները փորձում են պարզել, թե ինչ են մտածում շները
ԱՄՆ Ատլանտայի Էմերի համալսարանի (Emery University) գիտական խումբը ցանկանում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆների միջոցով պարզել, թե ինչի մասին են մտածում մեր չորքոտանի ընկերները, հաղորդում է Los Angeles Times պարբերականը:
«Մեր նպատակն այն է, որ արդյունքում հասկանանք մարդու և շան փոխհարաբերությունների բնույթը մարդկային տեսակետից: Կենդանու տերը մտածում է, թե նրանց պահած կենդանիներն իրենց սիրում են: Շուտով մենք կհասկանանք, արդյո՞ք նրանք հենց մարդուն են սիրում, թե՞ այն կերը, որը մարդը տալիս է նրանց», - նման կերպ պարզաբանել է խնդիրը գիտական խմբի ղեկավար Գրեգորի Բերնսը:
Նրա խոսքով, առաջին անգամ կենսաբանները կկարողանան ուսումնասիրել «շների մտքերը»՝ շնորհիվ չորքոտանիների հատուկ վարժեցման, որոնց սովորեցրել են կամավոր մտնել սարքի մեջ և 10-15 րոպե անշարժ մնալ: Նախկինում նման հետազոտությունների համար կենդանիներին նարկոզ էին ներարկում՝ դրանով թմրեցնելով կենդանու ուղեղը:
Գիտնականները մտադիր են պարզել, թե ինչպես են կենդանիները ճանաչում իրենց տերերին` արտաքին տեսքո՞վ, թե՞ հոտով: Հասկանո՞ւմ են արդյոք նրանք խոսքը: Նաև կարևոր նպատակների շարքում է պարզել կենդանիների կարեկցանքի չափը: Դա արվում է անսովոր ձևով, տիրոջ լուսանկարը, շան աչքի առաջ սուր ասեղով կծակծկեն և կհետևեն նրա արձագանքին:










