Ռուսական Sukhoi Superjet-100 օդանավի գովազդը հակագովազդ դարձավ (տեսանյութ)
Ռուսական SSJ-100 (Sukhoi Superjet-100) օդանավը մայիսի 9-ին ժամանել էր Ջակարտա, որպեսզի ցուցադրական թռիչքներ իրականացվեր Ասիական 6 երկրներում: Մինչ այդ ինքնաթիռը եղել էր Մյանմայում, Պակիստանում և Ղազախստանում: Ինդոնեզիայից հետո այն պետք է ևս երկու ասիական երկիր մեկներ` Լաոս և Վիետնամ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ինդոնեզիայում առաջին ցուցադրական թռիչքի ժամանակ Superjet-100-ը 2 հատ կես ժամանոց թռիչք էր իրականացրել: Առաջին թռիչքի ժամանակ SSJ-100-ում են եղել ինդոնեզական Sky Aviation ավիաընկերության ներկայացուցիչները և ուղեկցորդուհիները, ինչպես նաև լիզինգի և ապահովագրման մասնագետներ: Երկրորդ թռիչքի ժամանակ SSJ-100-ում եղել են պոտենցիալ գներդները` ինդոնեզիական Batavia, Pelita, Air Aviastar, Sriwijaya Air ընկերությունների ներկայացուցիչները:
Ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառներից կարող է լինել նաև այն, որ այն չէր փորձարկվել արևադարձային եղանակային պայմաններում, հենց այդ մասին է վկայում ինքնաթիռը փորձարկող գլխավոր օդաչուի՝ կործանումից օրեր առաջ տված հարցազրույցը:
Ռուսական Sukhoi Superjet-100 օդանավը առաջինն է, որը ամբողջությամբ նախագծվել է հետխորհրդային Ռուսաստանի կողմից` 2000 թվականից սկսած: Չնայած օդանավի նախագծմանը մասնակցել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, ԱՄՆ-ը և Շվեյցարիան:
Չնայած նրան, որ օդանավը գերժամանակակից է համարվում, դեռևս ոչ մի երկիր չի շտապում պատվիրել այն: Ինքնաթիռի գնորդներ են հանդիսացել միայն Ռուսական ներքին ավիաչվերթներ իրականացնող ընկերությունները և միակ բացառությունն է Հայաստանը, որը 2 նման օդանավ գնեց:
Ինքնաթիռի նախագիծը դեռ ավարտված չէ, և արդեն 1,5 մլրդ դոլար է «կուլ տվել»:
Ամենահեռանկարային գնորդների շարքում հենց Ինդոնեզիան էր, որը արդեն հայտարարել է նախնական պատվերներից հրաժարվելու մասին:
Հիշեցնենք, որ կործանված օդանավի բեկորները հայտնաբերել են Ճավա կղզու արևմուտքում՝ Սալակ լեռան լանջին՝ 1650 մ բարձրության վրա: Հենց այդ շրջանում էր նախօրեին ինքնաթիռը անհետացել ռադարների տեսադաշտից:
Օդանավում եղել է 48 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի 8 քաղաքացի` ինքնաթիռի անձնակազմը, երկու իտալացի, մեկ ֆրանսիացի և մեկ ամերիկացի: Մյուսները Ինդոնեզիայի քաղաքացիներ էին:










