Նորաստեղծ կայքը շանտաժի միջոցով կօգնի հասնել ձեր նպատակներին

15:50 • 14.05.12

Նորաստեղծ ամերիկյան aherk.com կայքը շանտաժի միջոցով միտված է օգնել կայքի բոլոր օգտատերերին` հասնել իրենց նպատակին, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը:

 

Կայքից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ձեր առջև նպատակ դնել, սահմանել դրան հասնելու վերջնաժամկետը, ընտրել ձեր ամենաչսիրած լուսանկարը, որը ոչ մի դեպքում չէիք ցանկանա, որ ձեր ընկերները տեսնեն ու օգտագործելով Facebook-ի հաշիվը, բաժանորդագրվել aherk-ին:

 

Համակարգն աշխատում է շատ պարզ սկզբունքով` եթե դուք չեք կարողացել ձեր նպատակին հասնել սահմանված ժամկետում, ապա ձեր լուսանկարը կտարածվի համացանցում և այն հասանելի կլինի ձեր բոլոր ընկերներին:

 

aherk-ն ամեն օր հնարավորություն է ընձեռում հաղորդագրության տեսքով առաջադրված նպատակի մասին նշումներ անել: Մասնավորապես` եթե նպատակ ունեք թողնել ծխելը, ապա յուրաքանչյուր օր կարող եք aherk-ի ձեր էջում նշել թե ինչ հաջողություններ եք գրանցել այդ գործում: Իսկ վերջնաժամկետը լրանալուն պես, ձեր Facebook-ի ընկերները տեղեկանալով ձեր գրություններին, կքվեարկեն` որոշելով արդյոք հասել եք ձեր նպատակին թե՞ ոչ: Բացասական պատասխանի դեպքում` ձեր լուսանկարը կտարածվի համացանցում:

 

Նշվում է նաև, որ ըստ էության` ամեն ինչ ձեզնից է կախված ու եթե դուք իսկապես ձեր առջև նպատակ եք դրել, որին  ուզում եք հասնել, ապա կայքի փոխարեն ավելի լավ է շարժվել այդ ուղղությամբ:

Նորաստեղծ կայքը շանտաժի միջոցով կօգնի հասնել ձեր նպատակներին