«Վերջին դասի» կապակցությամբ Երևանում միջոցառումներ են նախատեսված
Մայիսի 25-ին «Վերջին դասի» առիթով Երևանում մի շարք միջոցառումներ են նախատեսված, այս մասին այսօր Tert.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Իհարկե, որոշակի միջոցառումներ նախատեսված են, բայց չենք կարող ասել, թե որտեղ: Դրանց մասին առաջիկայում լրացուցիչ կտեղեկացվի»,- ասաց Արթուր Գևորգյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ շրջանավարտները ազատ են իրենց միջոցառման անցկացման ձևաչափում:
«Իրենք են որոշում՝ որտեղ անցկացնել իրենց վերջին դասը՝ դասարանում, թե դահլիճում, քանի որ դա իրենց միջոցառումն է»,- ասաց նա:
Թե «Վերջին դասի» օրը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ո՞ր դպրոցներում է լինելու, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Tert.am-ին ասաց, որ դեռևս որոշված չէ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն առանձին հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովմանը:
Բացի այդ, քաղաքապետը հրահանգել է դպրոցներում ամեն կերպ կանխարգելել դրամահավաքության դեպքերը:










