Հայ աստղագետները նախատեսում են ստեղծել աստղագիտական գրքերի տվյալների շտեմարան

16:31 • 15.05.12

Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ աստղագետները նախատեսել են ստեղծել աստղագիտական բնույթի գրքերի տվյալների լիակատար շտեմարան և այդ գրքերը մատչելի դարձնել հասարակության լայն խավերին:

 


Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) տեղեկացնում է, որ իր համացանցային կայքում բացել է նոր էջ` «Աստղագիտական գրքեր» (http://aras.am/Books/books.html), որում ընդգրկված են հայ աստղագետների կողմից գրված կամ հայ աստղագիտությանը նվիրված բոլոր գրքերի և գրքույկների ցանկը՝ սկսած 1934 թվականից (թվով 164 անվանում):

 


Դրանցից 36-ն ունեն գերհղումներ (hyperlinks) դեպի այդ գրքերի PDF ձևաչափի ֆայլերը, որոնք թույլ են տալիս դրանք ներբեռնել և ազատ օգտագործել:

 

Գրքերի թվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով հրատարակություններ՝ դասագրքեր, մենագրություններ, Վ.Հ. Համբարձումյանի աշխատությունների և Բյուրականում անցկացված գիտաժողովների նյութերի ժողովածուներ, կենսագրական և տեղեկատվական բնույթի գրքեր և գիտա-հանրամատչելի գրքույկներ՝ նվիրված աստղաֆիզիկայի տարբեր ոլորտներին, տիեզերական թռիչքներին, արտերկրային քաղաքակրթություններին, տոմարին և օրացույցին, Բյուրականի աստղադիտարանին և Վիկտոր Համբարձումյանին, որոնց տվյալները բերված են թե՛ սկզբնաղբյուրի և թե՛ անգլերեն լեզուներով:

 

Ամենահաճախ հանդիպող հեղինակների թվում են Վ.Հ. Համբարձումյանը, Լ.Վ. Միրզոյանը, Գ.Ա. Գուրզադյանը, Բ.Ե. Թումանյանը, Հ.Մ. Թովմասյանը և այլոք:

 

Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ 2012թ. ընթացքում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և Գիտությունների ազգային ակադեմիայում կկազմակերպվեն նաև աստղագիտական գրքերի ցուցահանդեսներ, ինչի մասին կհայտնվի ավելի ուշ:

Հայ աստղագետները նախատեսում են ստեղծել աստղագիտական գրքերի տվյալների շտեմարան