Լրատվամիջոցները պարզել են, թե ինչու է Ինդոնեզիա մեկնել «ոչ այն» Superjet-ը

11:52 • 15.05.12

Ինդոնեզիայի Սալաք լեռան լանջին շարունակվում են մայիսի 9-ին կործանված ռուսական ուղևորատար Sukhoi SuperJet-100 օդանավի զոհերի որոնողական աշխատանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հիշեցնենք, որ SSJ-100-ի կործանման պատճառով զոհվել են բոլոր ուղևորները` տարբեր տվյալներով` 45-48 մարդ: Օդանավը ղեկավարել է ռուսական անձնակազմ: Այն բախվել է Սալաք լեռան լանջին: Երկրի իշխանությունները փակել են աղետի գոտի մուտքը` որոնողների աշխատանքը հեշտացնելու համար: Կործանման պատճառների մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի հաղորդվում:

 

Ամենագլխավոր պատճառի համաձայն` անձնակազմը լիովին պատրաստված չի եղել թռիչքին: Օդանավն Ինդոնեզիա էր մեկնել մայիսի 8-ին, իսկ արդեն հաջորդ օրը պետք է իրականացներ ցուցադրական թռիչքը: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում փորձառու օդաչու Վլադիմիր Գերասիմովը նշել է, որ քիչ ժամանակի պատճառով անձնակազմը չի հասցրել տեղանքը մանրազնին ուսումնասիրել, այդ իսկ պատճառով նրանք դիսպետչերից խնդրել են վայրէջք կատարել այնտեղ, որտեղ չի թույլատրվում:

 

Սակայն նա կատարվածի մեջ անձնակազմի մեղքը չի տեսնում, «խառնաշփոթն առաջացել է երկրի վրա»: Ըստ նրա` խախտում է այն, որ ցուցադրական թռիչքը կազմակերպվում է անձրևների սեզոնին` ցածր ամպամածության ու սահմանափակ տեսանելիության պայմաններում:


Ինչևէ, պատճառը կպարզեն «սև արկղերը»: Իսկ մինչ այդ, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը` վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ Ինդոնեզիա պետք է թռչեր մեկ այլ SuperJet: Ցուցադրական թռիչքի համար նախատեսված էր 95005 համարի օդանավը, որն արդեն ցուցադրվել էր Ղազախստանում ու Պակիստանում: Սակայն Պակիստանում դրա հետ ինչ-որ բան է տեղի ունեցել, և այն ետ է վերադարձել: Դրա փոխարեն, Ինդոնեզիա է ուղարկվել 95004 համարի օդանավը, որը պատրաստված չ իեղել ցուցադրության համար:

 

Life News-ն էլ վստահեցնում է, որ օդանավը փոխվել է շարժիչի անսարքության պատճառով: Անսարքությունը հայտնաբերվել է թռիչքի նախօրեին, ինչից հետո մասնագետներն արագորեն գտել են մեկ այլ օդանավ:

Լրատվամիջոցները պարզել են, թե ինչու է Ինդոնեզիա մեկնել «ոչ այն» Superjet-ը