ԱՄՆ-ում «Սև արկղերը» պարտադիր կլինեն նաև ավտոմեքենաներում
ԱՄՆ Սենատը հաստատել է մի օրինագիծ, որով ավտոարտադրողները պարտավորված կլինեն ԱՄՆ-ոմ վաճառվող ավտոմեքենաներում «սև արկղ» տեղադրել, հաղորդում է Autoblog-ը:
Տեղի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ շուտով օրենքը նաև Կոնգրեսի հավանությանն կարժանանա և ուժի մեջ կմտնի 2015 թվականից:
«Սև արկղերի» պարամետրերը դեռ կարող են փոփոխման ենթարկվել, սակայն ամենահավանականը ԱՄՆ տրանսպորտի գերատեսչության նախագիծն է, որը առաջարկում է, որ սարքի կողմից հիշվեն 15 ցուցանիշներ, որոնց թվում կլինեն արագացման ուղղությունը, գազի ոտնակի դիրքը և անվտանգության բարձիկների գործարկման ժամանակը:
Սենատի կողմից հավանության արժանացած օրինագծում նշվում է, որ «սև արկղում» պահվող տեղեկությունները մեքենայի տիրոջ սեփականությունն են, սակայն իշխանությունները կարող են օգտվել դրանցից` դատարանի որոշմամբ:
Բացառված չէ, որ առանց դատարանի թույլտվության, «սև արկղի» տեղեկություններից կարողանան օգտվել նաև դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները:










