Ֆիզիկոսները Միջերկրական ծովի խորքում հսկայական ստորջրյա փոթորիկներ են հայտնաբերել
Իտալացի ֆիզիկոսները Միջերկրական ծովի արևելյան մասում առաջին անգամ ավելի քան 3 կմ խորության վրա ծայրահեղ անսովոր կոնֆիգուրացիայի ստորջրյա հոսանքներ են հայտնաբերել: Հայտնաբերվել է ստորջրյա ջրապտույտների շղթա, որոնցից յուրաքանչյուրը 10 կմ շառավիղ ունի: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում:
Իտալական միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի ֆիզիկոսները մի շարք այլ գիտահետազոտական կենտրոնների մասնագետների հետ համատեղ զբաղվել են NEMO-ի` ստորջրյա նեյտրինային դիտարանի համար տեղ որոնելով (Neutrino Mediterranean Observatory, NEMO): NEMO-ն ստեղծվում է բարձր էներգիայի տիեզերական մասնիկների հետազոտության համար:
Ստորջրյա հետազոտությունները, որոնք միտված էին NEMO-ի համար համապատասխան տեղ որոնելուն, նախկինում ևս անսպասելի արդյունքներ էին տալիս:
Հինգ տարի առաջ գիտնականները 2 կմ խորության վրա տեղադրված ակուստիկ սարքերով սիցիլիական ափերի մոտ հայտնաբերել էին կետանման կենդանիների` մասնավորապես սպերմացետային կետերի:
Այժմ Վենետիկի համալսարանի գիտնական Անջելո Ռուբինոյի (Angelo Rubino) ղեկավարությամբ գիտական խումբը նոր գլուխկոտրուկ է հայտնաբերել նույն Միջերկրական ծովում: Ծովի 3.5 կմ խորության վրա իջեցված սարքերը, որոնք պետք է գրանցեին ջերմաստիճանը և հոսանքների արագությունը, անհավանական երևույթ են բացահայտել :
Այդ շրջանում՝ ավելի քան 3 կմ խորության տակ, դիտարկվում են մեկը մյուսին հոջորդող պարբերական ցիկլոնիկ և անտիցիկլոնիկ փոթորիկների շարքեր, որոնցից ամեն մեկը 10 կմ շառավիղ ունի: Այդ շարքերը դանդաղ են շարժվում` վայրկյանում մոտավորապես 3 սմ արագությամբ:










