Apple-ն ավելի մեծ` 12.5 սանտիմետրանոց էկրանով նոր iPhone կստեղծի
Apple ընկերությունը ծրագրել է առաջիկայում նոր սերնդի iPhone ստեղծել, որն ի տարբերություն նախորդների, կունենա ավելի մեծ` 12.5 սանտիմետրանոց էկրան, հաղորդում է Associated Press-ը:
Այդ նպատակով ընկերությունն արդեն նոր էկրաններ է պատվիրել Հարավային Կորեայի և Ճապոնիայի իր մատակարարներին: Ըստ նախնական տվյալների` նոր էկրանների արտադրությունը կսկսվի հունիսին ինչը հնարավորություն կտա Apple-ին նոր սերնդի հեռախոսների արտադրությամբ զբաղվել արդեն օգոստոսից:
Apple-ի` ավելի մեծ էկրանով iPhone ստեղծելու որոշումը պայմանավորված է Samsung Electronics Co-ի հետ աճող մրցակցությամբ:
Ավելի վաղ` այս ամիս Samsung-ը ներկայացրեց նոր 14 սանտիմետր լայնությամբ էկրանով և ավելի արագ պրոցեսորով Galaxy սմարթֆոնը: Samsung-ն, որն աշխարհում բջջային հեռախոսներ արտադրող ամենախոշոր ընկերությունն է, սմարթֆոնների վաճառքի արդյունքներով վերջին շրջանում զգալի գերազանցել է Apple-ին:










