Պարզապես կարող էիք մի քիչ կոռեկտ, մի քիչ խելոք կամ մի քիչ քաղաքակիրթ լինել. Լիլիթ Գալստյանը վրդովված է

21:50 • 17.05.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ փոփոխություն է կատարվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում, ինչի մասին այսօր գրել էր մամուլը: Ի թիվս խորհրդի այլ անդամների` դադարեցվել է նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի լիազորությունները, և խորհրդի կազմում նրան փոխարինել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ`Կարինե Աճեմյանը:
 

Լիլիթ Գալստյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է տեղի ունեցածին և գրել, որ դա տեղի է ունեցել առանց իրեն տեղյակ պահելու: Դիմելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` դեռևս գործող պատգամավոր Լիլիթ Գալստյանը  գրել է, որ պետք չէ բարոյականության կամ պարկեշտության մասին խոսել, և որ խորհրդարանական հինգ տարվա փորձառության ընթացքում համոզվել է, որ մեր քաղաքական իրականության մեջ բարոյականություն փնտրելը զուր ջանք է, չարդարացված ռոմանտիզմ։
 

«Պարզապես կարող էիք մի քիչ կոռեկտ, մի քիչ խելոք կամ մի քիչ քաղաքակիրթ լինել (կարծեմ վերջերս Եվրոպայի ժողովրդավարներին անդամագրվեցիք) և մամուլից չիմանայի, որ Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի անդամ չեմ և ինձ փոխարինել եք ՀՀԿ-ականով։ Եթե ևս չորս տարի չէիք կարող սպասել, որ խորհրդի անամի լիազորություններս լրանային, գոնե չորս օր սպասեիք, որ մանդատս ուժը կորցներ։ Ըստ էության ես դիմում չեմ գրել, անգործության հիմավորումը առավել քան զավեշտալի է, և ոչ էլ առայժմ մահացել եմ (սրանք են լիազորոթյան դադարեցման հիմքերը)»,-գրել է նա:

Լիլիթ Գալստյանը Աշոտյանին հիշեցրել է, որ ինքն այլ չափանիշներով է ապրում և «մանդատներն ու պաշտոնները ոչինչ են իր համար»:

 

«Եվ ի~նչ. այդքան անհանգիստ էիք, որ իմ ձայնը կամ ներկայությունը պիտի սասաներ ռեկտորի սպասվող արդար ընտրություններն ու հավատարիմների, հնազանդների խումբ ե՞ք ձևավորել»,-գրել է ՀՅԴ պատգամավորը։
 

Պարզապես կարող էիք մի քիչ կոռեկտ, մի քիչ խելոք կամ մի քիչ քաղաքակիրթ լինել. Լիլիթ Գալստյանը վրդովված է