«ՎիվաՍել-ՄՏՍ-ը» ՀՀ բուհերին կապահովի ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարաններով (լուսանկարներ)

18:59 • 17.05.12

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը»` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը տեղեկացնում է, որ Հայաստանի մի շարք բուհերի հետ համագործակցությունը շարունակվում է հերթական ծրագրի իրականացմամբ:

 

Չորս տարի շարունակ բուհերի հետ համագործակցելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պատրաստակամությունը` սերունդների նկատմամբ պատասխանատվության արդյունք է: 2009թ.-ից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում մեկնարկած փոխգործակցությունը դրսևորվել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մասնագետների կողմից ուսանողների համար պարբերաբար կազմակերպվող դասընթացների, բաց դռների օրերի, մասնագիտական պրակտիկայի, տարբեր ոլորտներում (տեխնիկական, կոմերցիոն, տեղեկատվական համակարգերի, իրավաբանական և այլն) կազմակերպվող եռօրյա դասընթացների, դասախոսների համար նախատեսված` ուսուցման մեթոդներին և կորպորատիվ պատասխանատվությանը նվիրված սեմինարների, մասնագիտական մրցույթների, տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակման, կրթական հիմնադրամի միջոցով` սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձավճարի փոխանցման տեսքով:

 

Նշվածից բացի, ընկերությունը զգալի միջոցներ է հատկացրել` աջակցելու Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ծրագրերին: «Այս աջակցությունը երկրի ապագայում ներդրումներ անելու լավագույն միջոցն է»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Որակյալ աշխատուժի կարևորությունը գնահատող հեռահաղորդակցության առաջատար օպերատորը բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկն ազդարարում է Վանաձորի մանկավարժական համալսարանից:

 

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ, այս համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 12 համակարգչով ապահովված լսարան և Wi-Fi անկյուն: Դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն և ուսանողների հետ արդյունավետ շփումն ապահովելուն էապես կնպաստի ինտերակտիվ գրատախտակի կիրառումը: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, դասախոսի մոտ գտնվող անհրաժեշտ ինֆորմացիան հնարավոր կլինի ինտերակտիվ գրատախտակի միջոցով ցուցադրել ուսանողներին և տիրապետել դասապրոցեսի հետագա կառավարմանը:

 

«Կարևոր է ոչ միայն կրթվելու ցանկությունը, այլև` նյութի մատուցման ձևը: Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: Հավանաբար, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ արդյունավետ միջոցներից մեկը համացանցն է: Մենք պատրաստ ենք աջակցության հարցում: Ցանկանում ենք տեսնել մի սերունդ, որը պատրաստ է ընտրել կրթվելու և զարգանալու համար եղած հնարավորություններից լավագույնը»,- ավելացրել է Յիրիկյանը:

 

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը նախատեսում է մինչև տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություններ: Համալսարաններին կտրամադրվեն նաև ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներ. տեսակոնֆերանսների կազմակերպման սարքեր, սերվերներ և UPS սարքեր, համակցման և ցանցի կառուցման այլ սարքեր` ի հավելում այդ բուհերում ստեղծվելիք Wi-Fi անկյունների:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը» ՀՀ բուհերին կապահովի ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարաններով (լուսանկարներ)