Գտնվել է աշխարհում ամենաշատ մահացությունների պատճառ դարձած մակաբույծի դեմ դեղամիջոցը

13:45 • 21.05.12

ԱՄՆ-ի Ուեյկ Ֆորեսթի, Սան Դիեգոյի  բժշկական դպրոցների և Սան Ֆրանցիսկոյի համալսարանի մի խումբ գիտնականների համագործակցության շնորհիվ գտնվել է մի դեղամիջոց, որը բավական արդյունավետ է Entamoeba histolvtica մակաբույծի դեմ, գրում է Eurasiareview-ն:

 

Այս բացահայտումն անչափ կարևոր է, քանի որ այդ մակաբույծն առաջացնում է ամեոբային դիզենտերիա (արնալուծ) և լյարդի թարախակալում, որոնք ամբողջ աշխարհում տարեկան 70 հազար մարդկանց մահվան պատճառ են դառնում: Ներկայում այդ հիվանդությունները բուժվում են մետրոնիզադոլի միջոցով, որը սակայն անցանկալի հետևանքներ է թողնում:

 

Գիտնականները պարզել են, որ նշված մակաբույծի դեմ պայքարում շատ արդյունավետ է աուրոնաֆինը` 25 տարի առաջ ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վարչության կողմից որպես արտրիտի դեմ բուժման միջոց արտոնագիր ստացած դեղամիջոցը:

 

«Քանի որ աուրանոֆինը տարիներ առաջ արդեն հավանության է արժանացել մարդկանց կողմից օգտագործվելու հարցում, ուստի կարելի է խնայել ավելորդ ժամանակն ու գումարը դրա ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ուսումնասիրելու նպատակով:

 

Մկների վրա անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ այս դեղամիջոցը տասն անգամ ավելի արդյունավետ է պայքարում մակաբույծի դեմ, քան ներկայում օգտագործվող մետրոնիզադոլը»,- նշել է գիտնականներից մեկը:

Գտնվել է աշխարհում ամենաշատ մահացությունների պատճառ դարձած մակաբույծի դեմ դեղամիջոցը