Արեգակի օղակաձև խավարումը բացասաբար կազդի աշխարհի վրա. աստղաբան
Երեկ գիշեր տեղի ունեցած Արեգակի օղակաձև խավարումը, ըստ աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի, իր բացասական ազդեցությունը կունենա աշխարհի վրա։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ աստղաբանը նշեց, որ խավարումն անցել է Երկվորյակ և Աղեղնավոր համաստեղությունների ներքո և լարվածություն կառաջացնի այդ նշանների տակ գտվող երկրներում:
Աստղաբանը հիշեցրեց, որ Երկվորյակի նշանի տակ են գտնվում Եգիպտոսն ու Հայաստանը, սակայն, ըստ նրա, ի տարբերություն Եգիպտոսի, թեև պարադոքսալ է, բայց մեր երկրի վրա լարվածություն չի զգացվի:
«Հայաստանում ավելի կայուն կլինի իրավիճակը, քանի որ, եթե մի կողմը վատ է, մյուսը պետք է լավ լինի: Պարադոքսալ է, բայց այդպես է լինելու»,- ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Աղեղնավորի նշանի ներքո գտնվող երկրներին՝ Իսպանիային, Սլովակիային և Հունգարիային, ինչպես նաև Երկվորյակի նշանի ներքո գտնվող Եգիպտոսին, աստղաբանը նկատեց, որ այդ երկրներում լարվածություն է սպասվում՝ հեղափոխական, քաղաքական ցնցումների տեսքով:
Ծանր ֆինանսատնտեսական իրավիճակ է սպասվում այն երկրներին, որտեղից երևացել է խավարումը`Չինաստանին, ԱՄՆ-ին և Ճապոնիային:
Ըստ Գուրգեն Հովհաննիսյանի, խոշոր երկրներում հնարավոր ճգնաժամը կտարածվի ամբողջ աշխարհի վրա:
«Մոտակա շրջանում աշխարհին սպառնում է ֆինանսատնտեսական մեծ լարվածություն, որն էլ ավելի կխորացնի գոյություն ունեցող ֆինանսական ճգնաժամը»,- ասաց նա:
Աստղաբան-էզոթերիկը կարծում է, որ պատահական չէ, որ այս շրջանում
հանդիպելու են Մեծ ութնյակի երկրների ղեկավարները, ովքեր փորձելու են մեղմել Արեգակի օղակաձև խավարման հետևանքով սպասվող դժվարությունները:
Ըստ նրա, Արեգակի խավարումը վտանգավոր «սցենար» է ստեղծել երկրի վրա, որը կանցնի Պակիստանով, ապա Ադրբեջանով, Ռուսաստանով, Եվրոպայով:
Այս փուլում, նրա հավաստմամբ, սպասվում են ահաբեկչական գործողություններ և հասարակական տարաբնույթ լարվածություն արտահայտող ցնցումներ, իսկ Եվրոպայում` կլինեն տարերային աղետներ:










