ԱՄՆ-ի սպառազինության ոլորտում ծաղկում է չինական անորակ արտադրանքը
Ամերիկյան սպառազինության ոլորտում լայնորեն տարածվում է չինական արտադրության էլեկտրոնային սարքավորումների ու կեղծ դետալների օգտագործումը, պարզել է ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերի հանձնաժողովը:
Հանձնաժողովի հրապարակած զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ ամերիկյան սպառազինության համակարգում առկա է ավելի քան 1 մլն կեղծ արտադրանք: Մեկ տարի տևած հետաքննության արդյունքում պարզվել է, որ կեղծ դետալները, մեծամասնությամբ` էլեկտրոնային չիպեր, գտնվում են հրթիռներ կառավարող համակարգիչներում, ինքնաթիռներում ու սուզանավերում:
Զեկույցի հեղինակները քննադատել են չինական կողմին` կեղծ արտադրանքը կանխել չկարողանալու մեջ:
«Կեղծ էլեկտրոնային դետալները բացահայտ կերպով վաճառվում են Չինաստանի շուկայում»,- ասվում է զեկույցում:
Քննադատության է արժանացել նաև ԱՄՆ ռազմական գերատեսչությունը` իրեն պատկանող սպառազինության համակարգի մասին լավագույն կերպով տեղեկացված չլինելու համար:
Զեկույցի հեղինակների խոսքով` կեղծ դետալները սպառնում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը:










