ՆԱՍԱ-ի ղեկավարը Տիեզերքի յուրացման նոր դարաշրջանի սկիզբ է ազդարարել
Ամերիկյան տիեզերական գործակալության ղեկավար Չարլզ Բոլդենը ասել է, որ դեպի Միջազգային տիեզերակայան առաջին մասնավոր տիեզերանավի՝ Dragon SpaceX-ի, մեկնարկը նշանավորում է տիեզերքի յուրացման պատմության «նոր դարաշրջան», հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Մինչ այժմ մասնավոր սեկտորն ի զորու չէր նման առաքելությունների մասնակցել:
«Այս օրվա նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Առաջին անգամ ՄՏԿ-ն կփորձի համակցվել մասնավոր ընկերության արձակած տիեզերական սարքին: Եվ չնայած առջևում դեռ շատ անելիք կա այս առաքելության հաջող ավարտի համար, մենք շատ գոհ ենք բարեհաջող մեկնարկով», - բոլդենի խոսքը փոխանցել է BBC-ն:
Թռիչքն իրականացրած SpaceX մասնավոր տիեզերական ընկերության ղեկավար Էլոն Մասկը իր կարևորությամբ այս երևույթը համեմատել է 1990-ականների կեսին ինտերնետի գործարկման հետ: Ինտերնետը ծագել էր որպես պետական նախագիծ, սակայն հետագայում դրան միացել են նաև առևտրական ընկերություններ, որը զգալիորեն արագացրել է այդ ֆենոմենի զարգացումը:
SpaceX-ը հայտնել է, որ մինչև 2015-ը կկարողանա տիեզերք ուղարկել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր 20 մլն դոլարով կկարողանան տոմս ձեռք բերել:
Այս փորձնական թռիչքի հաջողությունից հետո ՆԱՍԱ-ի հետ 1,6 մլրդ դոլարանոց պայամնագրով SpaceX-ը կանոնավոր տիեզերական չվերթներ կիրականացնի, ընդհանուր առմամբ՝ 12 առաքելություն:










