Ճապոնացիները նատրիումային մարտկոց են ստեղծել, որը կօգնի «կանաչ» էներգիան կուտակելուն
Ճապոնիայի գիտնականները նոր տիպի ամբողջությամբ կարծրամարմին մարտկոցներ են ստեղծել նատրիումի, ծծմբի և ֆոսֆորի համաձուլվածքի հիման վրա, որը կիրառելի է տնային տնտեսության մեջ «կանաչ» էներգիայի կուտակման և պահպանման համար՝ շնորհիվ ցածր ինքնարժեքի և լիցքը դանդաղ կորցնելու հատկության: Նոր մարտկոցների մասին հոդված է հրապարակված Nature Communications պարբերականում:
Օսակայի համալսարանից Ակիտոշի Հայաշիի (Akitoshi Hayashi) ղեկավարությամբ ֆիզիկոսների խումբը ստեղծել է մարտկոցի նոր տեսակ նատրիումի, ծծմբի և ֆոսֆորի (NaPS) համաձուլվածքի հիման, այդ նյութերի բյուրեղները ուսումնասիրելու արդյունքում:
Գիտնականները պնդում են, որ տվյալ համաձուլվածքը շատ բարձր էլեկտրական կարողություն ունի` 760 վատ մեկ կիլոգրամի դիմաց, որը համադրելի է լիթիում-իոնային լավագույն մարտկոցների ցուցանիշներին:
Սակայն այդ համաձուլվածքի հիման վրա առկա մարտկոցները կարող են աշխատել միայն ցելսիուսի 300 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, ինչը տնային պայմաններում դրանց օգտագործումն անհնար է դարձնում:
Ճապոնացի գիտնականները կարողացել են այդ համաձուլվածքը հարմարեցնել սենյակային ջերմաստիճանին: Դրա համար նրանք սկզբում NaPS-ի բազմաթիվ միկրոսկոպիկ բյուրեղներ են պատրաստել, որը աղացել են 270 աստիճան ջերմության պայմաններում: Ապա ստացված փոշին լուծել են հալեցված կերամապակու մեջ: Ստացված հեղուկի մեջ երկու էլեկտրոդ են տեղադրել և սառեցրել այն:
Ստացված մարտկոցը բավականին դրական հատկություններ ունի, այն չի զիջում NaPS-ի հիման վրա աշխատող «տաք» մարտկոցներին և միևնույն ժամանակ կարելի է սենյակային ջերմաստիճանում օգտագործել:










