Google-ն իր դուդլը նվիրել է էլեկտրոնային երաժշտության պիոներ Ռոբերտ Մուգին

14:19 • 23.05.12

Google-ն այսօր նշում է էլեկտրոնային երաժշտության հիմնադիր ու պիոներ Ռոբերտ Մուգի ծննդյան 78-ամյակը` իր որոնողական համակարգում տեղադրելով ստեղնաշարային սինթեզատորի պատկերով ինտերակտիվ դուդլ (հիշատակի օրերի առթիվ ընկերության տեսափոփոխված լոգոտիպը):

 

Որոնողական համակարգի այցելուները կարող են նվագել գործիքի վրա` մկնիկի օգնությամբ «սեղմելով» ստեղները  կամ QWERTY ստեղնաշարի կոճակները: «Գրված» երաժշտությունը կարելի է ձայնագրել ու կիսվել դրանով Google+-ում:

 

Մուգը ծնվել է 1934թ.-ի մայիսի 23-ին, Նյու Յորքում: Արդեն 14 տարեկանում նա ինքնուրույն հավաքել է իր առաջին երաժշտական գործիքը` թերմենվոքսը: Նա հայտնի է դարձել 1960-ականներին` որպես փոքր ստեղնաշարով սինթեզատորի գյուտարար:


Իսկ 1970թ.-ին նա թողարկել է 44-ստեղնանի Minimoog կոմպակտ մոնոֆոն սինթեզատորը: Նույն տարում նա արժանացել է Գրեմիի մրցանակի` երաժշտական տեխնոլոգիաների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Նրա ստեղծած գործիքներն օգտագործել են Beatles, Rolling Stones և Doors խմբերը:


Նա մահացել է 2005թ.-ի օգոստոսի 21-ին, 71 տարեկան հասակում, չարորակ գոյացության հետևանքով:

Google-ն իր դուդլը նվիրել է էլեկտրոնային երաժշտության պիոներ Ռոբերտ Մուգին