Հիշեք` Թուրքիայում ոչ ոք լրիվ թուրք կամ լրիվ քուրդ չէ. թուրք մտավորական
Թուրքական Bianet լրատվական կենտրոնում Հայոց ցեղասպանությանն մասին կոնֆերանս է տեղի ունեցել, որին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանից և ամերիկահայ համայնքից:
Մասնակիցներից Սաբանջըի համալսարանից Այշե Գյուլ Ալթընայը խոսել է մուսուլմանացված հայերի հետ կատարած իր աշխատանքից և նշել, որ նրանք դժվարությամբ են խոսում իրենց կրոնափոխ լինելու մասին:
«Կենդանի մնացած հայերը, որդեգրվեցին մուսուլման ընտանիքների կողմից, անվանափոխ եղան: Ասում են, որ մոտ 200 հազ իսլամացված հայեր կան: Ճիշտ թիվն իմանալ չենք կարող, սակայն այս կամ այն կերպ հայերի հետ ազգակցական որևէ կապ ունեցող միլիոնավոր մուսուլմաններ կան»,- ասել է նա:
Ալթընայի խոսքերով` այդ թեմայով շատ վկայություններ կան, սակայն գիտական աշխատանքներում դրանց մասին խոսք չկա, քանի որ իսլամացած հայ կանայք հաճախ հաշվվում են Ցեղասպանությանը զոհ դարձածների թվում:
Ալթընայը, ով նաև «Թոռներ» գրքի հեղինակն է, ասել է, որ այն գիտաժողովներին, որոնց ինքը հաճախ է մասնակցում ծայրահեղ ազգայնականության դրսևորումների է հանդիպում:
«Դրանք հաճախ կամ թուրք, կամ էլ քուրդ ազգայնականներ են լինում: Այդ ժամանակ նրանց ասում եմ, որ ես էլ եմ հայ: Ասում եմ` հիշեք, թե ինչեր են տեղի ունեցել այս հողերում: Հիմա ոչ ոք միայն քուրդ կամ միայն թուրք չէ»,- ասել է նա:
Կալիֆորնիայի համալսարանից Դորիս Մելքոնյանը խոսել է ցեղասպանության ընթացքում բռնության ենթարկված հայ կանանց մասին:
«Ցեղասպանությունից հետո բռնաբարությունները առօրյայի մաս էին դարձել: Չնայած դրան` այդ հարցում շատ քիչ ուսումնասիրություններ են կատարվել, իսկ ցեղասպանությունից փրկվածները փորձել են մեղմ նկարագրել և թաքցնել իրականությունը և չեն ներկայացրել դեպքերի մանրամասնությունները»,- ասել է նա:
Մելքոնյանը նշել է, որ այդ բռնությունները ամոթալի էին համարվում թե կանանց, թե տղամարդկանց համար: Այն տղամարդիկ, ում հետ փորձել են խոսել իրենք, ընդհանրապես չեն ցանկացել խոսել այդ մասին, կամ նշել են, որ այդ մասին խոսելն իրենց համար շատ դժվար է:
«Տղամարդկանց համար դա պատվի խնդիր է: Նրանք հաճախ էին օգտագործում «նրանց պղծել են» արտահայտությունը, իսկ կանանց համար դա վերապատմելը երկորդ անգամ նույնը վերապրել է նշանակում: Թշնամու հետ սեռական հարաբերություն ունեցած լինելը նրանց համար անիծված լինել է նշանակում և նրանք հաճախ ստիպված էին լինում ինքնասպան լինել: Համայնքը հաճախ լավ չէր ընդունում նրանց»,-ասել է նա:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը պատմել է այն ջանքերի մասին, որոնք գործադրվել են ցեղասպանությունից հետո տարբեր վայրերում ապրող հայ կանանց հայկական ինքնությանը վերադարձնելու մասին:
«Ցեղասպանությունից փրկվածների մեծ մասը կանայք և երեխաներ էին: Հայերը և միջազգային կառույցները նրանց գտնելու գործին լծվեցին: Նպատակը` նրանց հայկական արմատներին վերադարձնելն է: Սակայն բռնությունների ենթարկված այս կանայք արդեն երեխաներ ունեին իրենց տանջող մարդկանցից և ամաչում էին դրա համար»,- ասել է Աննա Ալեքսանյանը:










