Իրանում բարձրհարստացված ուրանի հետքեր են հայտնաբերվել
ՄԱԳԱՏԷ-ի միջազգային դիտորդները Իրանում մինչև 27% հարստացված ուրանի հետքեր են հայտնաբերել, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
Հարստացման այդ մակարդակը զգալիորեն գերազանցում է 20%-ը, որը անհրաժեշտ է առողջապահության ոլորտում օգտագործվող քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ իզոտոպների ստացման համար: Իրանը ավելի վաղ հայտարարում էր, որ չի պատրաստվում բժշկական ասպարեզում անհրաժեշտ մակարդակից ավել ուրանը հարստացնել:
Աղբյուրի խոսքով, դեռևս վաղ է այս հարցում տագնապ բարձրացնել, քանի որ մինչև 27% հարստացված ուրանը կարող է արտադրական խոտան լինել և ոչ միտումնավոր գործողություն:
Այնուամենայնիվ, ՄԱԳԱՏԷ-ն արդեն դիմել է Թեհրանին՝ գտածոյի մասին պարզաբանումներ ստանալու համար:
Կասկածելի ցուցակիշներով ուրանը հայտնաբերվել է Ֆորդոյի ստորգետնյա միջուկային համալիրի մոտ, որը լավագույնս պաշտպանված է օդային հնարավոր հարձակումներից: Այդ համալիրի փակման նախապայմանը Արևմուտքի առանցքային պահանջներից է: Ենթադրվում է, որ հենց այդ գործարանում կարող է միջուկային զենքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ ստեղծվել:
Միջուկային զենքի համար անհրաժեշտ է մինչև 90% և ավել հարստացված ուրան: Իրանը, ունենալով ժամանակակից ցենտրիֆուգներ, ուրանը նման մակարդակի կարող է հարստացնել համամատաբար կարճ ժամանակահատվածում, ինչը Արևմուտքի և Իսրայելի անհանգստության հիմնական պատճառն է:










